Հուլիսի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ փոխարտգործնախարար Հովհաննիսյանը կարևորել է հայ-ալբանական հարաբերությունները և դրանք առավել զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա հաջողություն է մաղթել դեսպան Հայդարագային իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հայդարագան վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին: