Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:
Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝
-
Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից:
-
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախկինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում):
-
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:
-
Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:
-
Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։
-
Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։
-
Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին:
-
Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:
-
Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:
Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631):