ՀՈՒՇԱԳԻՐ՝ «ԳԱԶՊՐՈՄԻ» ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
«Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթային գործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել՝ հայտնում է Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 40 միլիարդ դոլար: Իրանական կողմի խոսքով՝ սա երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենամեծ օտարերկրյա ներդրումն է։
Թեհրանը Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովի շրջանակում գործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Անկարայի հետ: Նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Էրդողանի ներկայությամբ ստորագրվել են տարանցիկ փոխադրումների, գիտական և մշակութային, սպորտի, էներգետիկայի, մշակույթի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հարաբերությունների խորացման վերաբերյալ համաձայնագրեր։
ՌԴ-Ն ԿԻՐԱԳՈՐԾԻ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ. ՄԵԴՎԵԴԵՎ
Ռուսաստանը կիրագործի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակները՝ չնայած Կիևին ամերիկյան զենքի մատակարարումներին՝ հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ խաղաղություն կհաստատվի, սակայն Մոսկվայի և ոչ Արևմուտքի պայմաններով:
«Չի բացառվում, որ ապագայում միջազգային մեխանիզմ ստեղծվի, որը կհետաքննի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի տարածք զենքի մատակարարումները»,- ընդգծել է Մեդվեդևը:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, իր հերթին, վստահեցրել է՝ եթե Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսվեն, Ռուսաստանը ավելի կոշտ պայմաններ է առաջադրելու Կիևին:
ԷԳԵՅԱՆ ԾՈՎՈՒՄ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿՈՉ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Պենտագոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը, իրավիճակը Միջերկրական ծովում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և F-35 կործանիչների ձեռքբերման հեռանկարը՝ հայտնում են հունական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները։
Կողմերը ևս մեկ անգամ Թուրքիային կոչ են արել հրաժարվել Էգեյան ծովում սադրանքներից, ընդգծել լարվածությունը երկխոսության միջոցով նվազեցնելու անհրաժեշտությունը։
F-35-եր է ցանկանում ձեռք բերել նաև Անկարան, սակայն ավելի վաղ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով Թուրքիան դուրս է մնացել հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչների արտադրության ծրագրից: Դրա փոխարեն Անկարան Վաշինգտոնից F-16 կործանիչներ է պահանջել: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հույս է հայտնել, որ Կոնգրեսը խոհեմություն կցուցաբերի և կբավարարի Հանրապետության պահանջը:
Ներկայացուցիչների պալատը հուլիսի 15-ին հաստատել է ԱՄՆ պաշտպանական բյուջեի փոփոխությունները, որոնց համաձայն խստացվում է Թուրքիային F-16 կործանիչների տրամադրման ընթացակարգը։ Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը պետք է հիմնավորի, որ նման գործարքը բխում է Միացյալ Նահանջների շահերից:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԼԲԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԵՏ
Եվրամիությունը անդամակցության շուրջ բանակցություններ է սկսել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ՝ հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը:
«Դուք ցուցաբերել եք տոկունություն, նվիրվածություն մեր արժեքներին և իրավունքի գերակայությանը, դուք պայքարել եք կոռուպցիայի դեմ, ունեք ազատ լրատվամիջոցներ: Մի օր մենք կողջունենք Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնիային՝ որպես ԵՄ լիիրավ անդամներ»,- նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ալբանիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու է 2005 թ.-ից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2014 թ.-ից։ Հարցի շուրջ քննարկումները մեկնարկել են այսօր՝ Եվրահանձնաժողովի և երկու պետությունների կառավարությունների մասնակցությամբ: