ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:
Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախատեսվող շինարարության, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի կառավարման ծրագրերը:
Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր վստահությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում:
«ՀՀ ֆինանսների նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ձևավորված երկարատև և արդյունավետ համագործակցությությունը հաջողության մեր գրավականն է»,- իր խոսքում նշել է ԵՆԲ ներկայացուցիչը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագրերին: