Էդուարդ Հայրապետյանը 40 տարի մեքենա է վարում: Խլություն ունենալը կարգապահ վարորդ լինելուն չի խանգարում: Ասում է՝ վերջին տարիներին իրավախախտման որևէ ակտ չի ունեցել: Սեպտեմբերին վարորդական իրավունքի ժամկետը կլրանա, վերջին օրենսդրական փոփոխություններով նոր վկայական տրամադրելու համար պարտադիր լսողական շեմի պահանջ էր սահմանվել:
Էդուարդ Հայրապետյան - Ես բիզնեսով եմ զբաղվում, ու առանց մեքենա չեմ կարող աշխատել: Բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ նրանից՝ լսողության խնդիր ունեն թե ոչ:
Կառավարության որոշմամբ՝ վարորդական վկայական կարող է ստանալ լսողական սարքով 1,6 մետրից շշուկով խոսքը լսող կամ առնվազն 40 դեցիբել լսողություն ունեցող վարորդը: Խուլ վարորդներն անհանգստացած են՝ իրենք լսողության սարք չեն կրում, ուստի որոշումն իրենց վրա չի տարածվում, և կարող է խոչընդոտել վարորդական իրավունքի ձեռքբերման հարցում:
Նարեկ Թադևոսյան - Ես մանկուց խուլ եմ և երբեք սարք չեմ օգտագործել, ինչպե՞ս կարող եմ հիմա սարք կրել: Ես նորմալ վարում եմ, երեք հայելին կա, ազդանշան տալ քաղաքում չի թույլատրվում, ի՞նչն է խնդիրը, որ վարելու համար մարդը պարտադիր պետք է լսի:
«Խուլերի հայկական հասարակական կոմիտե» ՀԿ-ն դիմել է Կառավարություն՝ որոշման վերանայման խնդրանքով:
Աննա Պապոյան («Խուլերի հայկական հասարակական կոմիտե» ՀԿ նախագահ) - Խուլեը չեն լսում, բայց նրանց տեսողությունն այնքան զարգացած է, որ նրանք ավելի ուշադիր են, 3 հայելիով աշխատում են, ավելի ուշադիր են, քան մյուս վարորդները:
Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել փոփոխությունների նախագիծ՝ հաշվի առնելով շահագրգիռ կառույցների առաջարկները և միջազգային փորձը:
Կարինե Գաբրիելյան (ՀՀ ԱՆ Հանրային առողջության բաժնի պետ) - Քննարկումների արդյունքում որոշեցինք մեղմացնել այդ խստությունը: Այսինքն՝ ինչպես ամբողջ աշխարհում, առաջին խմբի խուլ վարորդների՝ անձնական տրանսպորտային միջոց վարելու բոլոր սահմանափակումները հանենք: Այսինքն՝ անկախ նրանից՝ լսողական սարք կրում են նրանք թե ոչ, այդ սահմանափակումը հանվում է նոր նախագծով:
Մյուս խմբի վարորդների դեպքում բժշկական սահմանափակումը չի հանվում: Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այս կերպ փորձում են պահպանել հանրային առողջապահական անվտանգությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
Աննա Հակոբյան (ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ) - Հաշմանդամության ոլորտում մենք որդեգրել ենք մի ուղղություն՝ հավասար և մատչելի պայմաններ: Ստացվում է, որ մենք պահանջում ենք հենաշարժական կամ այլ խնդիրներ ունեցողների համար մատչելի տրանսպորտային միջոցներ, բայց արգելք էր եղել այդ որոշումը խուլ մարդկանց մեքենա վարելու համար:
Պարտադիր պահանջ է՝ խուլ ու համր վարորդները պետք է մեքենայի վրա փակցնեն՝ «Խուլ վարորդ» ճանաչման նշանը: Նկարահանման ընթացքում նկատեցինք՝ խուլ վարորդների մեքենաների վրա այդ նշանը բացակայում էր:
Էդուարդ Հայրապետյան - Մի անգամ մեքենայի կողային հայելին են գողացել...
Ասում է՝ ցավոք դեռ կարծրատիպ կա, որ խուլ ու համրը չի կարող իրեն պաշտպանել, ու մեծ է հավանականությունը, որ նշանը տեսնելով՝ գողություն կանեն: Իրենք պատրաստ են ունենալ այդ նշանը, բայց նաև հուսով են, որ քաղաքացիների վերաբերմունքն էլ կփոխվի, ու հավասար պայմանների դեպքում հասարակությանը իրենք առավել հեշտ կինտեգրվեն: