Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի շրջանակում տեղի է ունեցել լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստին նվիրված համերգային երեկո, որի ընթացքում հնչել են Պենդերեցկու Ջութակի թիվ 2 կոնցերտը՝ «Մետամորֆոզներ» և Թիվ 4 սիմֆոնիան՝ «Ադաջո»։ Այդ մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Լետիցիա Մորենոն։
Երեկոն ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Պենդերեցկուն նվիրված համերգային երեկոյին ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը։
Դեսպանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է խոսել մի բեմից, որտեղ 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ոչ վաղ անցյալում ղեկավարել է իր գլուխգործոցների կատարումները։
«Քշիշտոֆ Պենդերեցկին հաճախ էր այցելում Հայաստան և մեծ ճանաչում էր վայելում իր նախնիների երկրում։ 2009 թվականին նրան շնորհվել է ՀՀ պատվո շքանշան, իսկ 2013 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալ։ Վերջին անգամ նա Հայաստան այցելեց 2018 թվականին՝ նախ փետրվարին, իր ծննդյան 85- ամյակին նվիրված փառատոնի շրջանակում, ապա հունիսին՝ որպես Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթի պատվավոր ժյուրիի նախագահ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Պենդերեցկին գրեց իր թիվ 3 սաղմոսը։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ժամանակակից դասականների փառատոնը Քշիշտոֆ Պենդերեցկու անունով կոչելու նախաձեռնությունը։ Այս փառատոնը լեհ-հայկական խոր և բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է»,- իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։
Այս օրերին Երևանում անցկացվում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։
Վաղը տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհնչեն երկու համաշխարհային պրեմիերաներ՝ Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան, որը նվիրված է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործությունը բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։