Մինչև հուլիսի 21-ը ներառյալ ջերմաստիճանը Երևանում և Արարատյան դաշտում կտատանվի +38...+40 աստիճանի սահմաններում, լեռնային մարզերում՝ մինչև +30...+33 աստիճանի: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, ինչը կեսօրից հետո կցրվի։ Հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
Գագիկ Սուրենյան (ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Ըստ կանխատեսումների՝ արդեն հուլիսի 23-24-ին +38...+40-ի փոխարեն ցերեկային ժամերին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվի մինչև +34...35 աստիճան ջերմություն։ Տեղումեր չեն սպասվում, որովհետև ներխուժած օդը շատ-շատ չոր է։ Հուլիսի 22-ից սկսած մի փոքր տեղումների հավանականություն կա հյուսիսային շրջաններում, հատկապես Լոռի, Շիրակ, Տավուշ հատվածներում:
Հուլիսի 17-ի ցերեկը Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև +40...+41 աստիճան տաքություն, այդ ջերմաստիճանը պահպանվել է մոտ 2-3 ժամ։ Սուրենյանի գնահատմամբ՝ տևական ժամանակ տեղումների բացակայությունն է նաև պատճառը, որ հանրապետությունում բավականին բարձր ջերմային ֆոն կա: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային և հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Մասնագետի խոսքով՝ ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում կենսական գործունեության համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում սիրտ-անոթային ու շնչառության համակարգերի վրա:
Գագիկ Սուրենյան - Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը բավական բարձր է նորմայից, խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերը մեծահասակները, հղիները, երեխաները և քրոնիկ հիվանդություն ունեցողներն են: Հատկապես նրանք պետք է հետևեն առողջապահության ոլորտի պատասխանատուների խորհուրդներին:
Ռուբեն Գրիգորյան (ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի և հիգիենայի բաժնի պետ) - Խորհուրդ է տրվում 2-3 լիտր ջուր խմել սովորական մարդիկ, իսկ քրոնիկ հիվանդություններ ունեցողները խորհրդակցեն բժշկի հետ, կրեն ակնոց, գլխարկ, բաց գույնի զգեստ՝ ազատ, բամբակյա, և նախապատվությունը տալ բուսական ծագման սննդամթերքին, հեղուկներ խմել բնական սոկի տեսքով, սահմանափակել շաքարավազը:
ՀՀ-ՈՒՄ ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ
Նախորդ շաբաթ գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ: Անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը 34 տոկոսով ավելացել են: Եթե նախորդ տարի 169 դեպք է գրանցվել, այս տարի 277-ն էր: Հրդեհների մեծ մասը բռնկվել է բուսածածկ տարածքներում: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում: Զոհեր և տուժածներ մինչև այս պահը չկան՝ նշեց փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:
Արսեն Մկրտչյան (ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ) - Եթե նախորդ տարի հուլիսի 1-17-ը գրանցվել էր 525 դեպք, այս տարի գրանցվել են 395-ը, 130-ով նվազել են, դա 25 տոկոսն է հրդեհների: Ամեն ինչ հսկողության տակ է ԱԻՆ-ում, ուժերն ու միջոցները բավարար են, դեպքերի մեծ քանակը գրանցվել է Երևանում, Կոտայք, Լոռի, Տավուշ:
Արսեն Մկրտչյանը նշեց, որ ԱԻՆ-ը հետաքննական գործառույթ չի իրականացնում, բայց հրդեհների 90 տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ: Բնակչությանը դարձյալ հորդորում են պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: