Հացահատիկի բերքատվության ցուցանիշներն Արցախում գոհացուցիչ են: Հեկտարից միջինը 22 ցենտներ բերքը, ոլորտի պատասխանատուի գնահատմամբ՝ լավ արդյունք է: Առայժմ հունձը կատարվում է գարու և ցորենի դաշտերում:
Նորայր Մուսայելյան (Արցախի գյուղատնտեսության նախարար) - Եթե հաշվի առնենք անցած տարվա ցուցանիշները, գոհացուցիչ է այս տարվա բերքատվությունը, և ընթացքն է նորմալ կազմակերպվում՝ տեխնիկական միջոցներով հագեցված կազմակերպվում է բերքահավաքը:
Բերքատվության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մարտունու շրջանում՝ 26 ցենտներ հեկտարից: Մասնագետների խոսքով՝ բնակլիմայական պայմանները նպաստել են բերքատվության բարձրացմանը:
Վիլեն Ավետիսյան (Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Ձմռան ամիսներից հետո մեր ցանքսերի վիճակն այդքան էլ լավ չէր: Բայց մարտ ամսին տեղացած ձյունը և մայիս ամսվա սկզբին առատ անձրևային տեղումները բավականին բարելավել են մեր ցանքսերի վիճակը, և արդյունքում ունենք այս տարի շատ լավ բերք:
Հացահատիկի բերքից դժգոհ են այն համայնքներում, որտեղ տեղումները քիչ էին: Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում, օրինակ՝ տխուր վիճակագրություն է: Բնակիչներն ասում են՝ չնչին եկամուտ կունենան:
Ժանիկ Գևորգյան (Արցախի Աստղաշեն համայնքի բնակիչ) - Անձրևը մի քիչ բավարար է եղել, բայց մեր գյուղում՝ Աստղաշենում, չէի ասի: էլի Աստղաշեն գյուղում տարբերություն կա՝ վերևի հողամասերում բավարար է: Օրինակ՝ սա իմ հողն է, վերևի իմ հողամասում ավելի լավ է, քան այստեղ:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախից: Իրավական կարգավորումը երկրի ներսում չի խոչընդոտելու հացահատիկի իրացմանը՝ վստահեցնում է գյուղնախարարի տեղակալը:
Վիլեն Ավետիսյան - Հողօգտագործողներն ունեն ընտրելու տարբերակներ: Առաջինը պետական գնումներն են Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում: Բացի դրանից, մթերում իրականացվում է ալրաղացներում, ինչպես նաև թռչնաբուծական ֆաբրիկայում, նաև ունենք անհատ մթերողներ, որոնք զբաղվում են համակցված կերերի արտադրությամբ:
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը մեկ կիլոգրամ ցորենը մթերելու է 175 դրամով, իսկ մեկ կիլոգրամ գարին՝ 160 դրամով: