ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՍՏԱԿ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՉՈՒՆԻ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում կավարտվի, երբ իրագործվեն բոլոր նպատակները, հստակ ժամկետներ չկան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ գլխավորը արդյունավետությունն է: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերը հստակ հրահանգ ունեն խուսափել քաղաքացիական ենթակառուցվածքները վնասելուց և քաղաքացիական զոհերից։
«Հետևաբար, զինված ուժերն աշխատում են շատ զգույշ՝ օգտագործելով բարձր ճշգրտության զինատեսակներ՝ բացառելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարված, ինչը, ցավոք, չի կարելի ասել ուկրաինական կողմի մասին»,- հայտարարել է Պեսկովը։
ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոններից ազատել է անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին և գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հարուցվել է 651 քրեական վարույթ դատախազության, մինչդատական նախաքննության, իրավապահ այլ մարմինների աշխատակիցների պետական դավաճանության և կոլաբորացիոն գործունեության վերաբերյալ։ Ընդ որում՝ 198 վարույթի շրջանակում համապատասխան անձանց տեղեկացվել է կասկածների մասին։
Զելենսկին նշել է, որ դատախազության և անվտանգության ծառայության ավելի քան 60 աշխատակից մնացել է օկուպացված տարածքում և աշխատում է Ուկրաինայի դեմ:
ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ. ՇՈԼՑ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներից ոչ մեկը չի չեղարկվի, եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի «Ռուսաստանի առաջ քաշած պայմաններով»: Շոլցը Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արել պատրաստ լինել պատժամիջոցների հետևանքներին՝ չնայած բենզինի, սննդամթերքի ու էլեկտրաէներգիայի արդեն իսկ բարձրացած գներին։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ այս ճանապարհով գերմանացի ժողովուրդն իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինային ու հոգ տանում սեփական անվտանգության մասին։ Գերմանիայում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ն այլև չի բացառում Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքի վրա Ռուսաստանի հարձակվելու հավանականությունը։ Շոլցի խոսքով՝ Բեռլինը շարունակելու է աջակցել Ուկրաինային այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կլինի։
ԵՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ. ԲՈՐԵԼ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ համաձայն չէ ԵՄ մի շարք երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության քննադատությանը։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ պատժամիջոցների քաղաքականությունը չի արդարացրել սպասելիքները, եվրոպական տնտեսությունը կրակել է իր թոքերին ու այժմ շնչահեղձ է լինում:
Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ Բորելլը շեշտել է, որ ԵՄ-ն շարունակելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը: Այսօրվա հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը, մասնավորապես, հերքել է այն պնդումները, թե նավթի գները բարձրացել են ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Նա հավելել է, որ արտաքին գործերի նախարարները կդիտարկեն գործող միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև ոսկու ներկրման արգելքը և անհատական պատժամիջոցների նոր ցանկը։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐԱՆՈՒՄ Է
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը նախատեսված Իրան այցի ընթացքում ակնկալում է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպումը՝ Էրդողանի և Էբրահիմ Ռայիսիի նախագահությամբ։ Նույն օրը Թեհրանում տեղի կունենա Աստանայի ձևաչափով 7-րդ եռակողմ գագաթնաժողովը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում կլինեն օրեր առաջ Ստամբուլում «հացահատիկի հարցի» վերաբերյալ կայացած հանդիպման արդյունքները:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 6,5 միլիոնը։ Կորոնավիրուսից մահացության դեպքերը նույնպես կտրուկ աճել են. վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում մեկուկես անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան նախորդ շաբաթվա ընթացքում:
Կորոնավիրուսն ակտիվ տարածվում է Եվրպայում. ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայում, որտեղ օրական ավելի քան 140 հազար մարդ է վարակվում կորոնավիրուսով: Լատինական Ամերիկայում վարակի տարածման տեմպերը կայունացել են, իսկ ասիական մի շարք երկրներում հայտարարվել է կորոնավիրուսի նոր՝ յոթերորդ ալիքի մասին։