Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։
Պատվավոր առաջին տեղը գրաված մասնակիցներին օլիմպիադայի ոսկե մեդալները հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Երկրորդ տեղը նվաճած մասնակիցներին արծաթե մեդալները հանձնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ երրորդ տեղը գրաված աշակերտներին բրոնզե մեդալներով պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Հայաստանի ներկայացուցիչ, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Արման Հայրապետյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Ընդհանուր առմամբ շուրջ 145 կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցներ, ըստ ցուցաբերած բարձր արդյունքների, միջազգային ժյուրիի գնահատման արդյունքներով նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը օլիմպիադայի մասնակիցներին և հաղթողներին ուղղած ողջույնի խոսքում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցներին և նպաստել կարևոր միջոցառման կայացմանը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել գիտության ոլորտում նրանց հետագա գործունեությունն ու ընդգծել կենսաբանության կարևորությունը:
«Անկախ մրցույթի անհատական արդյունքներից՝ ձեր մասնակցությունը վկայում է, որ դուք ուժեղագույններն եք աշխարհում։ Բացի դրանից, ձեր մասնակցությամբ դուք նաև ապացուցեցիք, որ ունեք բարձր պատասխանատվություն, վճռական կամք և արժեքավոր հմտություններ, որոնք օգնելու են ձեզ ձեր հետագա գործունեության ժամանակ»,- նշել է ԵՊՀ ռեկտորը։
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան էլ երախտագիտություն է հայտնել ՀՀ Կառավարությանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին՝ 2022 թ. կենսաբանության միջազգային օլիմպիադայի (կենսաբանության միջազգային օլիմպիադա 2022) անցկացմանն աջակցություն ցուցաբերելու, կազմակերպելու և անցկացնելու համար։ Մացուդայի համոզմամբ՝ գործադրված բոլոր ջանքերը հաջողությամբ են պսակվել։
«Սիրելի՛ մասնակիցներ, Հայաստանում ձեռք բերած ընկերների մեծ ցանցը կարող եք օգտագործել ձեր հետագա հետազոտություններում։ Դուք եք կենսաբանության ապագա մասնագետները։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, լիահույս եմ, որ այս միջազգային օլիմպիադան կբարելավի ձեր կյանքը»,- նշել է Րիոչի Մացուդան։
Ընդունված արարողակարգի համաձայն՝ տեղի է ունեցել կենսաբանության միջազգային օլիմպիադայի գավաթի փոխանցումը։
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կոմիտեի նախագահի տեղակալ Լենկա Լիբուսովան բեմ է հրավիրել օլիմպիադայի կազմակերպիչներին և հայտարարել, որ 2023 թվականին օլիմպիադան անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար, ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն օլիմպիադայի գավաթը հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչներին։
Փակման հանդիսության ընթացքում ամփոփվել են նաև Երևանի պետական համալսարանում հուլիսի 16-ին տեղի ունեցած «Միջազգային խմբային աշխատանք» գիտական մրցույթի արդյունքները։ Հաղթողներին տրվել են խրախուսական մրցանակներ։ Այս նախագծի շրջանակում ՀՀ ներկայացուցիչ Մանե Կուրղինյանը («Հերացի» ավագ դպրոց) արժանացել է մրցանակի:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում էր կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր։