Ախուրյան գետի աջ ափին՝ Կապս գյուղից 2 կմ հյուսիս, հենց այստեղ 1985-ին Խորհրդային Հայաստանը մեկնարկեց ջրամբարի կառուցման աշխատանքները: Ջրամբարի կառուցումը շարունակվեց մինչև 1988-ի երկրաշարժը, դրանից հետո աշխատանքներն անկանոն բնույթ կրեցին մինչև 1993-ը, երբ դադարեցվեցին:
Այսօր՝ շուրջ 30 տարի անց, արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է Խորհրդային Հայաստանի կիսատ մնացած գործը:
Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում յոթերորդն է: Գտնվում է Գյումրիից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում: Կապահովի Շիրակի մարզի 17 հազար հա և Թալինի տարածաշրջանի շուրջ 7 հազար հա հողերի ոռոգումը:
Քամոտ այս կիրճը Ախուրյանի ջրերով կլցվի մի քանի տարի անց, մինչև այդ շատ բան կա անելու: Նախ պետք է հասկանալ՝ խորհրդային կիսակառույցը համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին, թե՞ նորն է պետք կառուցել: Իսկ այդ ընթացքում կիսատ կառուցվել են աջ և ձախ պատնեշները, իռիգացիոն թունելը, պատվարի 20 մետրը:
Ջրամբարը 90 մլն խմ ծավալ պետք է ունենար: Հիմա փոխվել են և՛ ծավալը, և՛ կառուցման փուլային տարբերակը:
Արթուր Սողոմոնյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն) - Նախատեսված էր, որ ջրամբարի շինարարությունը պետք է իրականացվեր երկու փուլով, առաջինով պետք է ապահովվեր 25 մլն խմ ջրի պատվարի համար նախատեսված կառույց, երկրորդ փուլով՝ 60 մլն խմ ջրի համար: Մենք բանակցությունները վարել ենք դոնորի հետ, և բոլոր աշխատանքները գնում են էն հունով, որ մենք կարողանանք երկու փուլի աշխատանքներն իրականացնել միանգամից:
Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը Կառավարությունը հաստատել էր դեռ 2013-ին, բայց շինարարությունն անընդհատ հետաձգվում էր: Նույնիսկ վտանգ կար, որ գերմանական KfW բանկը կդադարեցնի ֆինանսավորումը: Իսկ այսօր արդեն շինարարական աշխատանքների մրցույթն է ամփոփման փուլում:
Արթուր Սողոմոնյան - Կախված նրանից, թե դրանք ե՛րբ կավարտվեն, և հաշվի առնելով այդ տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, կարծում եմ՝ ակտիվ շինարարություն բնակիչները և մենք բոլորս կտեսնենք 23-ի գարնանը:
Ջրամբարի կառուցման ծրագիրը բացառիկ է նրանով, որ ջրածածկման և սողանքային գոտում գտնվող Ջրաձորը պետք է վերաբնակեցվի: Բնակիչներին առաջարկվել է երկու տարբերակ՝ փոխհատուցման կամ նոր գյուղ կառուցելու: Ընտրվել է երկրորդը:
Արթուր Սողոմոնյան - Առաջին տարբերակի համար կպահանջվեր մոտավորապես 3.2 մլրդ դրամ, իսկ երկրորդ տարբերակի՝ նոր գյուղի համար՝ շուրջ 5 մլդ դրամ:
Ջրաձորցիներն անձամբ են ընտրել տարածքը: Նոր գյուղի կառուցման աշխատանքները հավանաբար կմեկնարկեն 2023-ի երկրորդ կեսին:
Կարեն Դանիելյան (Ջրաձորի վերաբնակեցման թիմի ղեկավար) - Գյուղը կառուցվելու է այս լանջին: Նոր բնակավայրը այս լանջի 8 հա կզբաղեցնի:
242 բնակիչ ունեցող Ջրաձորում գյուղի և ջրամբարի կառուցումը սպասված իրադարձություն է: Վստահ են՝ շատ ջրաձորցիներ, որոնք չեն հավատացել ծրագրի իրագործմանը, կվերադառնան ծննդավայր:
Արա Հարությունյան (Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրի վարչական ղեկավար) - Ոռոգվող դաշտեր ունեցել ենք խորհրդային շրջանում, դա շատ մեծ եկամտաբերություն կարող է ապահովել: Էս ամեն ինչը հասկանալով՝ էսօր մենք ոչ ցանկություն ունենք, ոչ էլ մտքներովս կարող է անցնել խոչընդոտ հանդիսանալ ջրամբարի կառուցմանը, որովհետև լավ գիտեն ջրի արժեքն ու գինը: Դա մեր պաշարն է, թող կուտակվի մեզ մոտ:
Նոր տեղում գյուղն ավելի մոտիկ կլինի ջրամբարի հայելուն, Գյումրիին՝ զբոսաշրջային մեծ առավելություններով և զարգացման նոր հնարավորություններով:
Կարեն Դանիելյան - 2015-ից ջրամբարի նախագծային աշխատանքներ են սկսվել, իսկ 2018-ին Ջրաձորի վերաբնակեցման պլանի մշակման աշխատանքներն են սկսվել, 2021-ի դեկտեմբերի 2-ից էլ մեկնարկել ենք իրականացման փուլը:
Միակ հարցը, որ ջրաձորցիները կուզեին վերանայվեր, ջրամբարի անունն է՝ ինչո՞ւ Կապս, եթե ջրի տակ են հայտնվելու Ջրաձորը, գյուղի արոտավայրերն ու կիրճը: