Առաջին երկկողմ հանդիպում, շուրջ 3 ժամ առանձնազրույց: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո Վրաստանի ԱԳ նախարարը փաստեց՝ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չի տվել, սակայն ստեղծվել է երկու երկրների նախարարների միջև ուղիղ երկխոսության նախադեպ։
Իլյա Դարչիաշվիլի (Վրաստանի ԱԳ նախարար) - Կոնկրետ արդյունքների երբեք չեն հասնում բանակցությունների առաջին փուլում։ Այս դեպքը բացառություն չէ: Ստեղծվել է ամուր հիմք՝ այս ձևաչափով բանակցությունների շարունակման համար։
Բորիս Նավասարդյան (Երևանի մամուլի ակումբի նախագահ) - Իհարկե, միջնորդների ներկայությամբ նույնպես հանդիպումներն իրենց նշանակությունը ունեն` հաշվի առնելով, որ կան սուր հակասություններ` նաև զրույցը որոշակի հուն տեղափոխելու առումով, բայց այս հանդիպումն առանձնանում է, որ առանց միջնորդների է:
Այս ձևաչափը հնարավորություն է տալիս, առանց երրորդ կողմի առաջնահերթությունները հաշվի առնելու, խոսեն 2 կողմերը:
Հայկ Բադալյան (քաղաքագետ) - Այսպիսի հանդիպումները ողջունելի են, որ կարող են ստեղծել աշխատանքային միջավայր կայունության ուղղությամբ գործունեության համար:
Ցանկացած քայլ, որ դեպի կայունության է տանում, ողջունելի է: Քաղաքագետների դիտարկմամբ` այդ մասին գիտակցում են նաև նրանք, ովքեր քննադատում են կարգավորման գործընթացը:
Բորիս Նավասարդյան - Նույնիսկ մեղադրանքներ հնչեցողները գիտեն, որ առանց նորմալ հարաբերությունների՝ Հայաստանը զարգանալ չի կարողանա: Սահմանները լինեն սահման, ոչ թե պատ, օգտվեն կոմունիկացիաներից:
Եվ, չնայած երկկողմ հանդիպումները կարևոր քայլ են, բայց ոչ պակաս կարևոր է երրորդ կողմերի արձագանքն ու դիրքորոշումը:
Բորիս Նավասարդյան - Մենք տեսնում ենք, որ հանդիպումները` թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական, ողջունվում են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից: Կարծում եմ` ոճական աջակցության մեջ էր նաև Դոնֆրիի հեռախոսազրույցը Բաքվի ու Երևանի հետ:
Վաշինգտոնը կարևոր է համարում հայ-ադրբեջանական ուղիղ շփումը. սա արդեն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի արձագանքն է հանդիպումից հետո, հանդիպման փաստը ողջունող.
«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ են կատարել՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի ճանապարհն է»:
Այդ ուղիղ շփման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
Հայաստանի արտգործնախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Չնայած շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո Երևանը և Բաքուն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չհաղորդեցին, բայց երկու երկրների արտաքին գերատեսչություններն էլ արձանագրեցին շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:
Վրաստանի ԱԳ նախարարն էլ իր հարցազրույցի ընթացքում փաստել է՝ Թբիլիսին ապագայում ևս պատրաստ է նպաստել իր տարածքում այսպիսի երկխոսությանը։
Իլյա Դարչիաշվիլի - Մենք չենք խոսել ապագա հանդիպումների ժամկետների մասին։ Եթե անհրաժեշտություն լինի ցանկացած ձևաչափով գալ մեր երկիր բանակցությունների համար, մեր կառավարությունը պատրաստ է ընդունել նրանց և աջակցել:
Թբիլիսին շահագրգիռ է, քանի որ առանց Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների հաղթահարման` տարածաշրջանը չի կարողանա զարգանալ այն տեմպերով, ինչ տեմպերով կզարգանա, եթե չլինի հակասությունը:
Բորիս Նավասարդյան - Երևի ամենաշահագրգիռ կողմն է, և դա պարզ է 30 տարիներին, ու միշտ պատրաստ է հարթակ տրամադրել: Բովանդակության վրա ազդեցութուն չի կարող ունենալ, բայց հարթակ, սուրճ առաջարկել կարող է, որ կոմֆորտ զգան կողմերը:
Տարածաշրջանային տարր կար հանդիպման մեջ, ու դա կարևոր է՝ կարծում է Հակոբ Բադալյանը: Ռեգիոնալ խոսակցության միջավայրի ձևավորումը կարևոր է. քաղաքագետի գնահատականն է:
Հակոբ Բադալյան (քաղաքագետ) - Իսկ ընդհանրապես, ցանկալի հեռանկար է, որ կովկասյան 3 երկրները կարողանան գոնե որոշակի հաղորդակցության հնարավորություն ստեղծեն ու միմյանց միջև հարցեր քննարկեն:
Փորձագիտական կարծիքով՝ այս երկկողմ հանդիպումը սպասելի էր, բայց` ավելի ուշ ժամկետներում: Արտգործնախարարների վերջին հանդիպումը մայիսին Դուշանբեում էր՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան