Ադրբեջանը և Եվրամիությունն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են կրկնապատկել ադրբեջանական բնական գազի արտահանումը դեպի Եվրամիություն: Բաքվում կայացած հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ որոշել է դիվերսիֆիկացվել Ռուսաստանից և գտնել ավելի վստահելի գործընկերներ, այդ թվում՝ Ադրբեջանը:
Հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ կողմերը քննարկել են Եվրամիության և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի կնքումը, որն ավարտին կհասցվի առաջիկա ամիսներին։ Դրա նպատակը կողմերի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումն է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել է «առանցքային և հուսալի գործընկեր էներգետիկ ոլորտում»։
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն մինչև 2024 թվականը 60 միլիոն եվրո կներդնի Ադրբեջանում։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՍԵԼ Է 2.5 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ. ՄԻՇԵԼ
ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Ես ողջունում եմ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը Ուկրաինային օգնության հինգերորդ տրանշի վերաբերյալ: Այժմ ԵՄ օգնության ընդհանուր ծավալը, որը նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերին սպառազինության և տեխնիկայի մատակարարում, հասել է 2,5 միլիարդ եվրոյի»,- գրել է Միշելը Թվիթերում:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐԱՆՈՒՄ Է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 18-19-ը Իրան նախատեսված այցի ընթացքում ակնկալում է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպումը՝ Էրդողանի և Էբրահիմ Ռայիսիի նախագահությամբ։ Նույն օրը Թեհրանում տեղի կունենա Աստանայի ձևաչափով 7-րդ եռակողմ գագաթնաժողովը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում կլինեն օրեր առաջ Ստամբուլում «հացահատիկի հարցի» վերաբերյալ կայացած հանդիպման արդյունքները:
ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ
Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կհանդիպեն Ուկրաինայից Սև ծովով հացահատիկի արտահանման վերսկսումը քննարկելու համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Անցյալ շաբաթ Աքարը հայտարարել էր, որ քառյակն այս շաբաթ համաձայնագիր կստորագրի հացահատիկի արտահանման միջանցքի վերաբերյալ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել էր, որ «երկար ճանապարհ կա անցնելու» մինչև պատերազմը դադարեցնելու խաղաղ բանակցությունների մեկնարկը։
ԿԻԵՎԻՆ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԾԱՆՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԸ. ԿՈՒԼԵԲԱ
Կիևը չի համաձայնի նավահանգիստների ապաշրջափակման մասին որոշումներին, եթե անգամ չնչին կասկած ունենա, որ դրանց վրա «հարձակման» սպառնալիք կա, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հուլիսի 20-21-ը կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների՝ «հացահատիկի հարցով» նոր հանդիպումը՝ համաձայնագրի ստորագրման համար:
Խոսելով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին՝ Կուլեբան նշել է, որ Կիևին չի բավարարում մատակարարվող ծանր սպառազինության քանակը: Ուկրաինայի արտգործնախարարը միաժամանակ նշել է, որ Ուկրաինան շարունակում է ստանալ ծանր զինատեսակներ: Դմիտրո Կուլեբան նաև նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են «միայն Մոսկվայի պարտությունից հետո»։
ԻԻՀ-Ն ՏԵԽՆԻԿԱՊԵՍ Ի ԶՈՐՈՒ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲ ԱՐՏԱԴՐԵԼ. ԽԱՐԱԶԻ
Իրանը «տեխնիկապես ի զորու է միջուկային ռումբ արտադրելու», սակայն դեռևս չունի քաղաքական որոշում՝ ստեղծե՞լ այն, թե՞ ոչ, ասել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին:
«Մի քանի օրում մենք կարողացանք ուրանը հարստացնել մինչև 60%, մենք կարող ենք հեշտությամբ արտադրել մինչև 90% հարստացված ուրան … Իրանն ունի միջուկային ռումբ ստեղծելու համար տեխնիկական միջոցներ, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել»,- ասել է Խարազին Al Jazeera-ի հետ հարցազրույցում: