Հանքարդյունաբերության ոլորտը վերջին 20 տարում, տարբեր ժամանակներում ապահովել է Հայաստանի արտահանման 30-40%-ը և համախառն ներքին արդյունքի 6-10%-ը: Այս հայտարարությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը շնորհավորեց աշխատակիցներին՝ Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթով: Արտադրության տնօրենի տեղակալի հավաստմամբ՝ կոմբինատում աշխատանքն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար տեխնիկական միջոցներ ձեռք կբերվեն:
Արտակ Ղոնյան (ԶՊՄԿ արտադրության տնօրենի տեղակալ) - Արդեն գնումը պատվիրված է, տեղադրելու ենք հոսքագծերի մեջ իրական ժամանակում մետաղների անալիզատոր, որը թույլ տա մեզ 5 րոպե ժամանակահատվածում որոշել մետաղների պարունակությունը ապարախյուսի մեջ, այսինքն՝ պրոցեսի մեջ:
Տոնական միջոցառումներին ներկա է եղել նաև «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահը: Ռոման Խուդոլիյը նշել է, որ դառնալով հայկական արդյունաբերության հսկայի՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր՝ պատրաստվում են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մեծ ներդրումներ անել:
Ռոման Խուդոլիյ («Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն) - Մենք ձգտում ենք շարունակական զարգացման, ուստի 2022-ին ԶՊՄԿ-ի ամբողջ թիմի օգնությամբ նախատեսում ենք 2021-ի համեմատ արտադրությունն ավելացնել 25%-ով:
Ըստ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալի՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է դառնա ժամանակակից, մրցունակ ու պատասխանատու ոլորտ: Հանքարդյունաբերության արտահանումը կախված է պղնձի, մոլիբդենի և այլ մետաղների համաշխարհային գներից: Մասնագետները համոզված են՝ համաշխարհային տնտեսության անկումն է պատճառը, որ վերջին մեկ ամսում գները կտրուկ նվազել են:
Վարդան Ջհանյան (ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ) - Մենք անցել ենք բարձր գների փուլը և արդեն թևակոխում ենք ցածր գների ժամանակահատված, որը, ցավոք սրտի, նաև իր բացասական ազդեցությունը կունենա մեր ոլորտի վրա, բայց մեր ոլորտի մնացած գործընկերների հետ համատեղ կանենք ամեն ինչ, որ այս ցածր գների պարագայում բացասական ազդեցությունը լինի փոքր, մինիմալ։
2023-ից ուժի մեջ մտնող նոր օրենքով՝ գների տատանումների հետևանքները բիզնեսի համար փորձել է մեղմել նաև պետությունը: «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխության համաձայն՝ մինչև 10 տոկոս շահույթի դեպքում հանքատերերը կվճարեն հարկը հին կարգով, որը ենթադրում է հաշվարկ՝ կախված մի քանի բաղադրիչից, իսկ 10 տոկոսը գերազանցող շահույթի դեպքում արդեն կվճարեն 15 տոկոս դրույքաչափով:
Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրվա առթիվ մեդալներ, պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնվեցին կոմբինատի վետերաններին ու լավագույն աշխատակիցներին: Քաջարանի մշակույթի պալատում բացվել է նաև Կապանի երկրաբանական թանգարանի հանքագործության ու մետալուրգիայի ցուցանմուշների և ԶՊՄԿ պատմական լուսանկարների ցուցահանդեսը։ Տոնական օրն ամփոփվել է Քաջարանում և Ագարակում կազմակերպված համերգով: