Վերջին շրջանում արտարժույթի առուվաճառքի մարժան հայաստանյան բանկերում և փոխանակման կետերում բավականին մեծացել է: Եթե ժամանակին դոլարի առքի և վաճառքի տարբերությունը պայմանականորեն 5 դրամի սահմանում էր, այսօր արդեն հասնում է 15-20 դրամի:
Առուվաճառքի մարժայի տարբերությունը սկսել է մեծանալ դեռ կորոնավիրուսի շրջանում՝ նշում են մասնագետները:
Աշոտ Օսիպյան (Ասիական-խաղաղօվկիանոսյան բանկի տնօրենների խորհրդի անդամ) - Մարժայի ավելացումը կապված ա արտարժութային շուկայում առկա ռիսկերի հետ, և մարժայի կամ սպրեդի մեծացումը լինում ա ռիսկի մեղմացման համար: Ինչ ռիսկեր են եղել շուկայում՝ դուք գիտեք՝ քովիդից առաջ ինչ ռիսկեր կային քովիդի ժամանակ, և այդ մարժան մեծացավ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, որը պայմանավորված էր համաշխարհային շուկայի արժութային շուկայում առկա իրավիճակով, Եվրամիության մակրոտնտեսական ցուցանիշներով և այլն:
Դրամի տատանողականությունը՝ կապ չունի արժևորում թե արժեզրկում, ազդում է մարժայի վրա:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Պետք է նկատել, որ նաև էս լայն սպրեդերը բանկերի համար որոշակիորեն նորմալից բարձր շահույթ են ապահովում արժութային գործառնություններից, և թերևս նաև սա կարող է լինել պատճառ, որ, օրինակ՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում մենք տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ ենք տեսնում վերջին ամիսներին:
Տարբերություն կա նաև կանխիկ և անկանխիկ արտարժութային գործարքների մարժայի միջև, ինչը բացասական է՝ նշում է Աշոտ Օսիպյանը:
«Անկանխիկ գործարքների ժամանակ սպրեդը էդքան մեծ չի, և ինքը էս պահի դրությամբ մոտավորապես 6-7 դրամ ա, կանխիկի դեպքում ինքը, ցավոք, մեծ է, և դա կախված է ռիսկերից, որոնք առկա են»:
«Բանկերը և Կենտրոնական բանկը պետք է անեն նենց առաջինը՝ այդ ռիսկերը մեղմացնելու միջոցով փորձեն սպրեդը իջեցնել նորմալ մակարդակի, նորմալ մակարդակ ասելով՝ ես նկատի ունեմ 3-4 դրամ»:
Շուկան ըստ էության ազատ է, որևէ մեկը չի վերահսկում գնագոյացումը, քանի որ խաղացողները՝ թե՛ բանկային համակարգի, թե՛ փոխանակման կետերի, շատ են:
Նարեկ Կարապետյան - Այլ հարց է, եթե որևէ շուկայի մասնակից իր դիրքն է չարաշահում, համապատասխան օրենսդրությամբ սահմանված դեպքերը շրջանցում է և այլն, էս իրավիճակում համապատասխան պատասխանատվության միջոցներ են ենթադրվում: Բայց եթե ազատ շուկայի հիման վրա, ելնելով անորոշությունից, ելնելով համապատասխան սպասումներից՝ իրենց հիմնական գործունեության ռիսկերը կառավարելով սուբյեկտները որոշակի գնագոյացում են իրականացնում, սա, բնականաբար, էսպես չի կարող ուղղակիորեն որևէ վերահսկողության ենթարկվել:
Թեմայի վերաբերյալ Հայաստանի գլխավոր դրամատունը մեկնաբանություն չտվեց:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան