Երկարատև դադարից հետո Արմավիրում վերագործարկվել է Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսությունը. 10 հազար տոննա հզորությամբ պտուղ-բանջարեղեն պահեստավորելու հնարավորություն կստեղծվի: Տնտեսության նյութատեխնիկական բազան ձևավորվել է գյուղաջակցության պետական ծրագրի շնորհիվ: Ձեռք են բերվել սառեցման համակարգեր և ամբարձիչներ:
Դավիթ Գրիգորյան («Բարիք» սառնարանային տնտեսության տնօրենի խորհրդական) - Օգտվում ենք ագրոպարենային սարքավորումների պետական ծրագրից՝ ԱԳԲԱ լիզինգի հետ համատեղ, արդեն առաջին հարկը ծիրանով ենք լցրել, հետագայում մինչև 5-րդ հարկ կտեղավորենք:
Այս սառնարանային տնտեսությունը ամենամեծն էր նույնիսկ Խորհրդային Միության տարածքում: Անկախության շրջանում այն հայտնվեց անմխիթար վիճակում, երկրորդ շնչառություն ստացավ 2022-ին, իսկ օրերս առաջին անգամ բացվեցին խցիկների դռները՝ ընդունելու ծիրանի առաջին արկղերը: Առայժմ 6 սառնարանում 2500 տոննա պտուղ պահեստավորելու հնարավորություն կա: Իսկ երբ շենքի վերին հարկերի նորոգումն ավարտվի, կգործարկեն ևս 24 սառնարան:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Պետական ծրագրերից օգտվելու արդյունքում ինչպես շենքային և տեխնիկական պայմաններն են բարելավվել, այնպես էլ նոր հնարավորություն են ստացել բիզնեսը ընդլայնելու համար:
Սառեցման և խոր սառեցման հաստատուն միջավայրում միրգ-բանջարեղենը կարող է պահպանվել մինչև մեկ ամիս: Տնտեսվարողը վստահ է՝ ապրանքը դրսի սպառողին կհասնի առողջ ու անվնաս, միայն թե լոգիստիկ խնդիրներ չառաջանան:
Դավիթ Գրիգորյան - Գյուղացին հասնում է Երևան, կշռում է, ավելիի դեպքում նորից հետ է գալիս, բեռնաթափում, նորից գնում՝ կշռում, մաքսային ձևակերպումները կատարում:
Ըստ տնտեսվարողի՝ խնդիրը կարելի է լուծել տեղում մաքսային տերմինալի ներդրման միջոցով: Իրենք այդ հնարավորությունն ունեն, անհրաժեշտ է միայն պետության աջակցությունը՝ ընթացիկ և այլ հարցեր կարգավորելու համար: 2020 թվականին դիմել են Կառավարություն: Դրական պատասխանի ակնկալիք ունեն: Արմավիր համայնքի ղեկավարն էլ համոզված է՝ տնտեսությունները գյուղաջակցության ծրագրերի շնորհիվ են ամրանում և հզորանում:
Դավիթ Խուդաթյան - Արմավիր համայնքում բազմաթիվ տնտեսություններ կան՝ մեծ ու փոքր, հիմնական ուղղությունը սառնարանային տնտեսություններն են և բերքի վերամշակմամբ զբաղվողները, որոնք պետծրագրերից օգտվելու արդյունքում ոչ միայն շենքային ու տեխնիկական պայմաններն են բարելավել, նաև հնարավորություններ են ստացել բիզնեսը ընդլայնելու համար:
Սառնարանային այս հսկայի հարևանությամբ տնտեսվարողը նաև սալորի ինտենսիվ այգի է հիմնել: 12 հա ամայի հողը մշակել, 12 հազար տնկի է դրել, ջրավազան կառուցել, որ կաթիլային ոռոգմամբ նորատունկ այգին կանաչ պահի:
3-4 տարի հետո սալորի առաջին բերքը կհավաքեն ու կչորացնեն: Ընկերությունը չորանոց և մթերման կայան կառուցելու ծրագիր էլ ունի, և դարձյալ պետության աջակցությանն է սպասում: