Ճանապարհների հիմնանորոգում, դպրոցի կառուցում, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացում: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Տավուշում հետևել է մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերով, բյուջեի միջոցներով ու միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող աշխատանքներին: Մաթևոսյանը նախ ծանոթացել է Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում ընթացող բարեկարգման աշխատանքներին, տվել հանձնարարականներ: Կառավարության վերջին նիստին որոշվել էր պահուստային ֆոնդից գումար հատկացնել Դիլիջանի ոլորանները հիմնանորոգելու համար:
Փոխվարչապետը Դիլիջանում ծանոթացել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող բազմաբնակարան 11 շենքերի էներգաարդյունավետ նորոգման և արդիականացման՝ տանիքների բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և շենքերի արտաքին մակերևույթի ջերմամեկուսացման աշխատանքներին: Այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետն այցելել են նաև Իջևանում տեղակայված զորամաս, հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:
Փոխվարչապետի հաջորդ կանգառը Բերդ համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ադամյան և Նժդեհի փողոցներում ճանապարհների հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ են իրականացվում։ Մաթևոսյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը։ Այս կենտրոնը կառուցվել է Կառավարություն-Համաշխարհային բանկ գործակցության արդյունքում։
Կենտրոնը սոցիալական ծառայություններ է տրամադրելու Բերդի տարածաշրջանի 17 բնակավայրի շուրջ 32 հազար բնակիչներին: Փոխվարչապետն այցելել է նաև Գանձաքար բնակավայր, որտեղ 2021 թվականին մեկնարկել են դպրոցի կառուցման աշխատանքները։
Նախատեսվում է, որ երկու-երեքհարկանի 5 մասնաշենք ունեցող դպրոցը շահագործման կհանձնվի 2023 թվականի հուլիսին։
Մարզային այցի վերջին կանգառը Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակն էր, որտեղ իրականացվում են հողային աշխատանքներ: 3,5 մլրդ դրամ արժողությամբ 36,5 կմ երկարությամբ ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել գալիք տարվա հունիսին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան