Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում մեկնարկել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը, որին մասնակցել են Պարսից ծոցի վեցնյակի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի և Միացյալ Նահանգների ղեկավարները։
Հանդիպման բացման ժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը կախված է էներգակիրների գների կայունությունից։
Մուհամեդ Բին Սալման Ալ Սաուդ (Սաուդյան Արաբիայի թագաժառանգ) - Հարկավոր է շարունակել ներդրումներ կատարել մաքուր էներգիայի ոլորտում: Էր Ռիադը որոշել է հասցնել նավթի արդյունահանման ծավալները օրական մինչև 13 միլիոն բարելի:
Թագաժառանգը նաև կոչ է արել Իրանին` գործակցել տարածաշրջանի երկրների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, չմիջամտել այլ երկրների ներքին գործերին և հավատարիմ մնալ այդ առնչությամբ տրված խոստումներին: Նա հավելել է նաև, որ Թագավորությունը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Եմենի ժողովրդին։
Բայդենն, իր հերթին, վստահեցրել է, որ Վաշինգտոնը երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, և կգործակցի Պարսից ծոցի երկրների հետ՝ արձագանքելու, նրա խոսքով, Իրանի սպառնալիքներին։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Մերձավոր Արևելքում նավագնացության ազատության ոտնահարումը և տարածաշրջանում գերակա դիրք զբաղեցնելու՝ որոշ երկրների փորձերը։
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - ԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքի երկրներին 1 միլիարդ դոլար տրամադրել՝ ապահովելու պարենային անվտանգությունը: Նաև կշարունակենք աշխատել Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու և հակամարտությունների թուլացման ուղղությամբ: ԱՄՆ-ը կմնա Մերձավոր Արևելքում և թույլ չի տա, որ Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը զբաղեցնեն իր տեղը:
Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրները և Վաշինգտոնը հակաօդային պաշտպանության համակարգեր են ինտեգրում՝ վերացնելու օդային սպառնալիքները։
Բայդենը նաև ողջունել է Իրաքի վարչապետի՝ Բաղդադում Սաուդյան Արաբիայի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը։ Նա ընդգծել է Իրաքի կարևոր դերը մերձավորարևելյան պետությունների հարաբերությունների ամրապնդման գործում։
«Իրաքը նավթի մեծ պաշարներ ունի, կարևոր է լավ հարաբերություններ պահպանել այդ երկրի հետ», - ասել է Բայդենը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին էլ հայտարարել է, որ համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերն ավելի են սրվում, ուստի արաբական երկրները պետք է զգալի ներդրում ունենան ժամանակակից մարտահրավերների լուծման գործում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։
Աբդել Ֆաթթահ աս-Սիսի (Եգիպտոսի նախագահ) - Արաբական երկրները պետք է համախմբվեն՝ վերջ տալու հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները: Եգիպտոսը նաև մնում է ԱՄՆ-ի կարևոր գործընկերը տարածաշրջանում։
Գագաթնաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ. Միացյալ Նահանգների նախագահն առանձին երկկողմ քննարկումներ է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի ղեկավարների հետ, քննարկել ռազմավարական հարաբերությունների և ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսության, ներդրումների, պարենային անվտանգության և այլ ոլորտներում։ Բայդենը Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանին հրավիրել է ԱՄՆ։
Ալ Նահյանը հանդիպել է նաև Իրաքի վարչապետի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման տարբերակները:
Իսկ Ջո Բայդենն Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է Արաբական Հանրապետության կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, վստահեցրել՝ Վաշինգտոնը կարևորում է Իրաքի կայունությունը, բարգավաճումը և ինքնիշխանությունը։
Այսպիսով՝ Ջո Բայդենն ավարտել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական այցը Մերձավոր Արևելք։ Նա արդեն լքել է Սաուդյան Արաբիան: