Հայաստանում շինարարական աղմուկն ավելացել է, իր ազդեցությունն ունեցել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի վրա: Լայն թափով շարունակվում է բազմաբնակարան համալիրների կառուցման պետական ծրագիրը: Թաղամասը կունենա 720 բնակարանով երկու նոր համալիր:
Արթուր Մխիթարյան (շինարարության տեղամասի պետ) - Հիմնականում ընթանում է բազմաբնակարան շենքերի, համալիրների կառուցումը, քանի որ տրված է հնարավորություն նորակառույց բնակարան գնել բավական լավ պայմաններով, որը տալիս է պահանջարկը:
- Շինարարության ծավալն ինչքանո՞վ է ավելացել:
- Մեր մասով՝ 300 տոկոս:
Առաջին հինգ ամիսներին՝ հունվարից մայիս, շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,4 տոկոսով: Պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալը փոքր-ինչ նվազել է՝ 0.2 տոկոս, համայնքային միջոցներով կառուցապատման ծավալն աճել է 2,2 անգամ: Շինարարության ծավալի աճի մեջ մոտ 26-27 տոկոսը բաժին է ընկնում պետական և համայնքային միջոցներով շինարարությանը՝ հասնելով մինչև 30 մլրդ դրամի՝ արձանագրում է տնտեսագետ Խաչատրյանը:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Մյուս ցուցանիշները, որոնք ուսումնասիրում ենք, դրանք կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարական գործընթացներն են: Այստեղ շինծավալների աճը բարձր է՝ 122,5 տոկոս: Սա նշանակում է, որ բնակչության միջոցների հաշվին բավական մեծ շինաշխատանքներ են տեղի ունեցել: Դրանք կազմում են 26 մլրդ դրամ:
Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ աճը պայմանավորված է նաև շինարարության ակտիվ սեզոնով: Նրա կանխատեսմամբ՝ աշնան երկու ամիսներին ևս շինարարության աճի տեմպը կշարունակվի, կլինի աննախադեպ:
Ընդհանուր շինարարության ծավալում 38.9 տոկոս է կազմել բնակելի համալիրների կառուցումը, 11.2 տոկոս էլ կազմել է ճանապարհաշինությունը:
Վիլեն Խաչատրյան - Եթե համեմատում ենք հիփոթեքային ցուցանիշները, որոնք շինարարությանը խթան հաղորդող գործընթացներ են իրենցից ներկայացնում, 2018-ի ցուցանիշը եղել է 214 մլրդ, եթե նայում ենք 4 տարի հետո, նույն մայիսի ցուցանիշը եղել է 717 մլրդ, գրեթե 500 մլրդ-ով ավելի ունենք հիփոթեքային վարկավորման միջոցով շինարարությունը խթանող միջոցով բանկային համակարգի դեր, որը նկատելի է:
Շինարարության ցուցանիշի վրա արտահանման, ներմուծման գործոնի ազդեցության մասին Խաչատրյանն ընդգծում է՝ դոլարի արժեզրկումը անգամ գնաճի պայմաններում տնտեսվարողին հնարավորություն է տալիս նույնիսկ թանկացած շինանյութ, տեխնիկա ձեռք բերելիս շահույթ ստանալ: