Ավարտվում է Ջո Բայդենի քառօրյա այցը Իսրայել, Պաղեստին և Սաուդյան Արաբիա: Ավելի վաղ խոսելով այցի նպատակների մասին՝ նախագահը հայտարարել էր՝ ավելի անվտանգ Մերձավոր Արևելքը համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին: Նա խոստացել է դիվանագիտության միջոցով հասնել նախանշված նպատակներին, համոզմունք հայտնել, որ Մերձավոր Արևելքի հետ գործակցությունը կարող է նպաստել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը և Ռուսաստանի վրա ճնշման մեծացմանը:
Չնայած ԱՄՆ-ում ոչ միանշանակ արձագանքներին՝ Բայդենը նախօրեին Սաուդյան Արաբիայում հանդիպել է թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի, ինչպես նաև արքայազն Մուհամեդ Բին Սալմանի հետ։
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի միջև մինչև 2017 թ. վիճահարույց Կարմիր ծովում գտնվող Տիրան կղզու հարցի շուրջ. այնտեղ 40 տարուց ավելի տեղակայված խաղաղապահները դուրս են բերվելու։
«Մենք պատմական գործարք ենք կնքել. զարկ կտանք կղզում զբոսաշրջությանը, տնտեսությանը՝ պահպանելով բոլոր կողմերի, այդ թվում՝ Իսրայելի անվտանգության և նավարկության ազատության ոլորտում պայմանավորվածությունները»,- ընդգծել է Բայդենը։
Նա ողջունել է Սաուդյան Արաբիայի որոշումը՝ բացելու իր օդային տարածքը Իսրայելի քաղաքացիական ավիացիայի համար:
Բայդենը նաև վստահեցրել է, որ բենզինի գինն ԱՄՆ-ում օրեցօր նվազում է, և Մերձավոր Արևելք իր այցը կամրապնդի այդ դրական դինամիկան: Սպիտակ տնից հայտնում են, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպումներից հետո պարտավորվել է ապահովել նավթի համաշխարհային շուկայի հավասարակշռությունը՝ հանուն տնտեսական կայուն աճի և 50%-ով ավելացնել նավթի արդյունահանումը։
Վաշինգտոնը և Էր Ռիադը հայտարարել են նաև կիբեռանվտանգության ոլորտում գործակցության ընդլայնման մասին: Լրատվամիջոցների տվյալով էլ՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, ներդրումների, կապի և առողջապահության նախարարները 18 համաձայնագիր են ստորագրել ամերիկացի գործընկերների հետ։
Կողմերի քննարկումների առանցքում է եղել 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող, Washington Post թերթի թղթակից Ջամալ Խաշոգջիի սպանությունը, որի համար ամերիկյան կողմը մեղադրում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին: Խաշոգջին հայտնի էր Էր Ռիադի քաղաքականության մասին քննադատական հոդվածներով:
«Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ քննարկել ենք մարդու իրավունքները և քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը: Նրանց հասկացրի, որ Խաշոգջիի սպանության հարցը չափազանց կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Ես ասել եմ՝ ինչ էի մտածում այն ժամանակ և ինչ եմ մտածում հիմա»,- թագավորի և թագաժառանգի հետ հանդիպումից հետո ասել է ամերիկացի առաջնորդը։
Լրագրողների հարցին՝ ինչպես է արձագանքել Սաուդյան Արաբիայի գահաժառանգը նրա խոսքին, Բայդենն ասել է. «Նա, ըստ էության, ասաց, որ անձամբ պատասխանատվություն չի կրում դրա համար»,- մանրամասնել է նախագահը:
Նա նաև նշել է, որ չի զղջում իր բառերի համար, որ Սաուդյան Արաբիային վտարանդի երկիր կդարձնի. «Այն, ինչ տեղի ունեցավ Խաշոգջիի հետ, աներևակայելի է»։