Երևանում շատ շոգ է, ու կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի օտարերկրացի մասնակիցների մի խումբ մտածել է, թե ինչպես կարելի է հովացնել քաղաքն ու տները: Օգնության կհասնեն ծառի կեղևի, թիթեռի թևերի ու ձկան թեփուկների կառուցվածքները:
Սիմոն Բանդեր (կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակից, Լեհաստան) - Նախատեսվում է ծառի կեղևի կառուցվածքը օգտագործել բակերում՝ շենքերի ճակատների վրա, քանի որ կեղևը թույլ չի տալիս՝ ծառը շատ տաքանա: Իսկ ձկան թեփուկների ու թիթեռի թևերի օրինակով կառուցվածքներ կտեղադրվեն փողոցներում: Մեքենաների անցուդարձից օդը կշարժվի և հովացում կլինի:
Բնության մեջ հանդիպող կառուցվածքների կենսանմանակումը պետք է լինի արհեստական նյութերի կիրառմամբ, որոնք ունեն այդպիսի հատկություններ: Իսկ թե այս տարբերակով որքան կարող է նվազել ջերմաստիճանը, Սիմոնը դժվարանում է հստակ ասել: Շեշտում է՝ դեռ փորձարկումներ են հարկավոր: Բայց վստահ է՝ տարբերությունը զգալի կլինի:
Սիմոն Բանդեր - Իսկապես, Հայաստանի շոգը մեզ համար շոկային էր: Մտածում ենք, որ սա թե՛ Երևանի ջերմաստիճանը կնվազեցնի և թե՛ գովազդային էֆեկտ կունենա՝ տարբեր երկրներից զբոսաշրջիկներին գրավելով Հայաստան:
Լեհաստանի մասնակից 19-ամյա Սիմոնը նախագծի վրա դեռ հունիսին հեռավար աշխատել է Ռուսաստանի և Կանադայի մեկական մասնակցի հետ: Նախագիծը ներկայացվել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի շրջանակում անցկացվող «Միջազգային խմբային աշխատանք» միջոցառմանը:
Մհեր Կուրղինյան («Միջազգային խմբային աշխատանք» ծրագրի ղեկավարի տեղակալ) - Միջազգային խմբային աշխատանքը նոր ձևաչափ է կենսաբանության միջազգային օլիմպիադայում ու ինքը ավելի նորարարական, գիտական փառատոնի ձև ունեցող միջոցառում է:
Տարբեր երկրների սովորողներ միասին թիմեր են կազմել, ընտրել հետաքրքրող թեմաները՝ հիվանդությունների բուժումից մինչև ջերմաստիճանի վրա ազդեցություն, և հունիսի ընթացքում աշխատել դրանց վրա: Արդյունքում պատրաստել են գիտական պաստառներ, որոնք էլ այսօր ներկայացրել են ժյուրիի դատին: Մերի Օլիվանը արդեն 5-րդ տարին կենսաբանության միջազգային օլիմպիադայի ժյուրիի անդամ է, Միացյալ Թագավորության Նոթինգհեմի համալսարանի պրոֆեսոր:
Մերի Օլիվան (կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ժյուրիի անդամ) - Մենք նախապես ծանոթացել ենք ներկայացված գիտական պաստառներին: Այստեղ զրուցում, հարցեր ենք տալիս հեղինակներին: Մինչև այդ էլ աշխատանքները գնահատել ենք ըստ սահմանված չափորոշիչների: Հետո իմ գործընկերների հետ կքննարկենք ու կընտրենք հաղթողին: Նորույթներ այնքան էլ չկան: Այս խմբային աշխատանքի միջոցով հիմնականում փորձում ենք գնահատել աշակերտների գործակցելու հմտությունները:
Այս ծրագրի, ինչպես նաև կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթող ու մեդալակիր թիմերը կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ օլիմպիադայի փակման արարողության ժամանակ: Միջազգային այս ստուգատեսը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ, աշակերտական թիմեր էին մասնակցում 64 երկրից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան