Գյումրու Վարդանանց հրապարակն այսօր արհեստների, ազգային երգ ու պարի, ավադական զրույցների, համեղ ուտեստների կենտրոն է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի գործակցությամբ Գյումրիում այսօր անցկացվեց վարպետաց փառատոն։
Լիլիթ Թովմասյան (Գյումրիի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պատասխանատու) - Եթե վարպետաց փառատոն, ապա տրամաբանությունը ցույց է տալիս, որ առնվազն առաջինը պետք է լիներ վարպետների քաղաքում։ Ուրախ ենք հյուրընկալել և ողջունել ՀՀ տարբեր անկյուններից Գյումրի հասած և Գյումրեցի վարպետների հետ այս գեղեցիկ մթնոլորտը ստեղծած վարպետներին տեսնել մեր քաղաքում։
Առանձին տաղավարներում շուրջ 65 խումբ վարպետաց դասեր է անցկացնում քաղաքի բնակիչների ու հյուրերի համար:
Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները ծանոթանում են արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, մասնակցում վարպետաց դասերին, արհեստների շուրջ քննարկումներին, ձեռք բերում ինքնատիպ հուշանվերներ:
2022 թ․ ԱՊՀ երկրներում հայտարարվել է ժողովրդական ստեղծագործության և մշակութային ժառանգության տարի։ Գյումրիում անցկացվող «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը։
Աստղիկ Մարաբյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ) - Գաղափարի սկիզբը ձգվում է մինչև 2020 թվական և այսօր ուրախ ենք, որ կյանքի է կոչվում և այս հրապարակում իր շուրջն է համախմբել ավելի քան 60 վարպետների` Հայաստանի տարբեր մարզերից, և քանի որ փառատոնը միջազգային շրջանակներ է ընդգրկում, ուրախ ենք հյուրընկալել վարպետների` Ռուսաստանի և Բելառուսի համայնքներից։
Ելենա Հակոբյան (Հայաստանում ռուս համայնքի ներկայացուցիչ) - Մենք շատ ուրախ ենք մասնակցել վարպետների փառատոնին։ Մեր կողքին նաև Բելառուսի և Ղազախստանի մեր ընկերներն են։ Այսօր ներկայացնում ենք մեր ավանդույթները, մեր աշխատանքը Հայաստանում։
Փառատոնը շարունակական է լինելու՝ ամեն տարի կազմակերպվելով Հայաստանի տարբեր համայնքներում՝ նպաստելու է համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, նաև խթանելու է մշակութային զբոսաշրջության զարգացումը: