Հայաստան այցի շրջանակում Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությունը եղել է նաև Արմավիրում: Հյուրերի հետ հանդիպմանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ հնարավոր է գործակցության եզրեր գտնել կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում:
Գուննար Շելլենբերգեր (ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ) - Առայժմ ծանոթանում ենք գյուղատնտեսության ոլորտի հնարավորություններին: Մենք էլ այդ բնագավառում հարուստ փորձ ունենք:
Սաքսոնիա-Անհալթ երկրամասը հայտնի է գինեգործական ավանդույթներով, իսկ դա նշանակում է, որ այս բնագավառում փորձի փոխանակման հնարավորություն կա: Հայկական արևահամ մրգերը շոյել են գերմանացիների քիմքը: Հավանել են հատկապես ծիրանաչիրը: Չի բացառվում, որ չրագործությունը ևս գործակցության ուղղություն դառնա, արտահանման հեռանկարներ բացվեն: Արմավիրցի գործարարների, այդ թվում՝ չրագործների հետ նախատեսվող հանդիպում-քննարկումը ներդրումային միջավայր ստեղծելու և գործընկերային կապեր հաստատելու նպատակ ունի:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Քննարկումների նպատակն է ներկայացնել արտադրատեսակները, փորձել կապ հաստատել այնտեղի և մեր գործարարների միջև՝ հետագայում արտահանման հնարավորությունները քննարկելու համար:
Գործակցության արդեն կայացած ուղղություն է կրթությունը: Գերմանիայի կառավարության ծրագրով մարզի որոշ գյուղերում արդեն 15 տարի գերմաներենի խորացված ուսուցում է իրականացվում, փոխայցեր են կազմակերպվում: Հարաբերությունների հաստատման և զարգացման գործում Գերմանիայում Հայաստանի պատվո հյուպատոս Միխաել Շմիդտը կարևորում է հատկապես երիտասարդների մասնակցությունը:
Միխաել Շմիդտ (Գերմանիայում ՀՀ պատվո հյուպատոս) - Դպրոցների միջև գործակցություն արդեն կա, ընդլայնման հնարավորությունն էլ չի բացառվում. աշակերտների միջոցով կարող ենք փոխանակել երկու ժողովուրդների մշակույթը, պատմությունը, հետաքրքրություններն ու, ինչու չէ՝ նաև կենցաղավարությունը:
Առաջիկայում Արմավիրի և Նաումբուրգի միջև քույր քաղաքների գործակցության հուշագիր կստորագրվի: Երկու բնակավայրի ընդհանրությունը ապակենտրոն կառավարումն է:
Գերմանացիների առաջին օրն Արմավիրում ավարտվել է մշակույթի պալատում: Հյուրերը մասնակցել են իրենց համերկրացու՝ լուսանկարիչ Յանոս Շտեկովիչի 30-ից ավելի աշխատանքների ցուցադրությանը: