Որ բուսաբանական այգին իսկապես դառնա թանգարան՝ բաց երկնքի տակ, ֆինանսական լուրջ միջոցներ են պետք: Ավելի քան 30 տարի պետական ֆինանսավորում չստացած Երևանի ամենամեծ կանաչ գոտին տարեկան ունենում է միջինը 70 000 այցելու, մինչդեռ տնօրենը ցուցանիշն այնքան էլ ոգևորող չի համարում: Ասում է՝ եթե ենթակառուցվածքները զարգացնեն, պատկերն առավել ոգևորիչ կլինի:
Արսեն Գասպարյան (Երևանի բուսաբանական այգու տնօրենի պաշտոնակատար) - Գալիս են այգի մարդիկ, թեյ, սուրճ, հյութ չենք կարողանում մատուցել, քանի որ սրճարանային նույնիսկ փոքրիկ տարածք չունենք, նստարանները, լուսավորությունը, անվտանգությունը. այսպիսի հարցեր կան, որոնք պարտավոր ենք լուծել, որ կարողանանք մտածել այցելուների թվաքանակի մեծացման մասին:
Մի խումբ երիտասարդներ հասարակական կազմակերպություն են ստեղծել ու առաջարկում են «Հիրիկ-5000», «Նռնենի-7500» և «Կաղնի-15.000 փաթեթները: Սրանք ամենամսյա վճարներ են, որոնց միանալով` քաղաքացին ոչ միայն կօգնի այգու զարգացմանը, այլև կօգտվի կանաչ գոտու բազմաթիվ հնարավորություններից: Ծրագրին առայժմ 20 հոգի է միացել:
Նարինե Հայրապետյան («Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ նախագահ) - «Հիրիկ» փաթեթն իրենից ներկայացնում է 5000 դրամանոց անդամակցություն, որից 2000-ը ուղղակի գնում է աբոնոմենտային քարտին, մյուս 3000-ը որպես օգնություն Երևանի բուսաբանական այգուն:
Եթե ընտրեք «Նռնենի-7500» փաթեթը, կունենաք ոչ միայն Բուսաբանականի անդամակցության քարտ, մեկանգամյա անվճար էքսկուրսիա, այլև պարբերաբար կստանաք ծաղկային կոմպոզիցիաներ, «Կաղնի-15000»-ի դեպքում՝ նույնիսկ անվանական «ներկայություն»:
Նարինե Հայրապետյան - Մենք ունենք նաև անվանական ծառ, անվանական նստարան փաթեթները, որոնք դեռևս մշակման փուլում են: Այսինքն` մարդիկ կարող են անվանական ծառի կամ նստարանի համար դիմել ՀԿ-ին, և արդյունքում Երևանի բուսաբանական այգում իրենք կունենան իրենց ծառը, որտեղ ծառի վրա նշված կլինի իրենց անվանումը:
Բուսաբանականն ապրում է բույսերի վաճառքով ու այցելուների մուտքավճարներով: Արսեն Գասպարյանի խոսքով՝ այս պահին մշակում են այգու զարգացման պլանը, և եթե պետությունն ամեն տարի օգնի իրենց, բացօթյա համերգներ ու կորպորատիվ միջոցառումներ կազմակերպվեն, իրենք էլ տնկարանային ու ջերմոցային տնտեսությունները կզարգացնեն ու համատեղ ջանքերով 21-րդ դարին համարժեք այգի կկառուցեն:
Արսեն Գասպարյան (Երևանի բուսաբանական այգու տնօրենի պաշտոնակատար) - Նախնական, մոտակա երեք տարվա համար տարեկան ակնկալում ենք շուրջ 1 միլիոն դոլարին, այսինքն` 400-500 միլիոն դրամին համարժեք ներդրում այգում, որ կարողանանք գոնե այս վիճակից այգին դուրս բերենք:
Բուսաբանական այգում ջրի խնդիրը մասնավորի կողմից մասնակի է լուծված: Մասնագետները պատրաստվում են նաև գույքագրել բուսաբանականի բոլոր ծառատեսակները: Տնօրենի վստահեցմամբ՝ ոչ միայն ջուրը, այլև անվտանգությունը, թափոնամաններն ու նստարանները այգու համար լուրջ խնդիր են ու կլուծեն, երբ ավելի շատ ֆինանս ունենան: