Արցախի կառավարությունն աջակցում է անասնաֆերմա կառուցող, վերակառուցող տնտեսություններին, սուբսիդավորում անասնաշենքերի էլեկտրաֆիկացման և ջրաֆիկացման ծախսերի 90 տոկոսը:
Տիգրան Առստամյան (Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Մեկ պայմանական գլխի մասով պետության աջակցությունը կազմում է 70 հազար դրամ: Այսինքն՝ եթե ֆերմերն ունի 50 պայմանական անասնագլխաքանակ, ապա նրան աջակցության ծավալը կազմում է 3,5 միլիոն դրամ:
Ասկերանի շրջանի Խաչեն գյուղից ոչ հեռու՝ առանց էլեկտրաէներգիայի, Խաչատուր Գրիգորյանն անասնապահությամբ զբաղվում է արդեն 15 տարի: Ասում է՝ կովերին կթում էին ձեռքով, լապտերը բերանում պահած: Իսկ ամռանը առանց սառնարանի կաթն էլ թթվում էր:
Խաչատուր Գրիգորյան (ֆերմեր) - Կաթի կորուստներ ունեինք, ձեռքի կիթի ժամանակ հոգնում էինք և քիչ էինք կթում, հիմա կավելացնենք էլեկտրական կիթը և կորուստ չենք ունենա:
Էլեկտրիֆիկացման խնդիրը լուծվել է անասնապահության զարգացման խթանման պետական ծրագրով: Կառուցվել է 6 կիլովատ հզորությամբ արևային փոքր կայան, որն ամբողջության բավարարում է տնտեսության պահանջարկը:
Ռադիկ Գևորգյան (Արցախի ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ) - Ծրագրից ակնկալվում է գլխաքանակի ավելացում, կենդանիների մթերատվության բարձրացում, որոնք բոլորը միտված են պարենային անվտանգության զամբյուղի բարձրացմանը:
Արևային էներգիայի օգտագործմամբ գումարը տնտեսում են և ուղղում անասնապահության զարգացմանը: Էլեկտրաէներգիայի հարցում Արցախի տոհմային կայանը ֆոտովոլտային վահանակներով ինքնաբավ է մոտ մեկ տարի:
Գեորգի Լալայան (Արցախի տոհմային կայանի տնօրեն) - Մեկ տարվա ընթացքում ստացանք մոտ 99 հազար կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա կամ 4,9 մլն դրամի խնայողություն կատարեցինք: Մենք նաև մեզ ապահովագրեցինք էլեկտրաէներգիայի հետագա թանկացումներից:
Հոսանքագծերից հեռու անասնաշենքերում տեղադրվում են կուտակիչներով արևային ֆոտովոլտային վահանակներ: Մասնագետների խոսքով՝ այս քայլով թե՛ արդյունավետության, թե՛ անվտանգության բաղադրիչն են ապահովել:
Սեյրան Դանիելյան (նախագծի ղեկավար) - Որտեղ միացված են ցանցին, այնտեղ նրանք գիշերային ժամերին անհրաժեշտ էլեկտրաէներգիան ստանում են ցանցից, բայց նման վայրերում, որտեղ ցանցը անհասանելի է, ստիպված նրանք պետք է կուտակիչներ պահեն, կուտակեն՝ գիշերային ժամերին օգտագործելու համար:
Անասնապահության խթանման պետական գործընթացը սկսվել է 2021-ից: Ծրագիրը նպաստում է նաև սպանդանոցների, անասնաբուծական մթերքի և հումքի վերամշակման արտադրամասերի կառուցմանը: