ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇԱՄԽԱՆԻ
Իրանի գլխավոր ռազմավարություններից մեկը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը մշտական աջակցությունն է՝ հայտարարել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպմանը: Շամխանին անթույլատրելի է որակել տարածաշրջանում անկայունության և աշխարհաքաղաքական փոփոխությունների հանգեցնող գործողությունները:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿՌԻՎԸ. ՍԼՈՒՑԿԻ
Հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը չի նշանակում բանակցությունների վերսկսում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:
Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինան ցանկանում է շարունակել կռիվը: «Դա անհասկանալի է, միանգամայն վեր է մարդկային տրամաբանությունից»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ Կիևին խրախուսում է Արևմուտքը:
ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ Է. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջատար դեր է խաղում պարենային ճգնաժամի կարգավորման գործում:
«Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունն անհնար է ապահովել առանց Թուրքիայի մասնակցության։ Անկարան կարևորագույն խաղացող է, որն անկեղծորեն աշխատում է պատերազմի դադարեցման և պարենային ճգնաժամի լուծման ուղղությամբ»,- նշել է Չավուշօղլուն։
Ստամբուլում հուլիսի 13-ին տեղի է ունեցել ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման, հացահատիկի արտահանման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կողմերը կվերջնականացնեն այսպես կոչված «Սևծովյան նախաձեռնության» եզրափակիչ փաստաթուղթը։
ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՈՐՑՐԵԼ Է 600 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ. ՌԴ ՊՆ
Վերջին 2 օրում ուկրաինական բանակը կորցրել է 600 զինվորական՝ տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Մեկ օրվա ընթացքում 189 շրջանում խոցվել են 21 հրամանատարական կետ, զինամթերքի 5 պահեստ, զինտեխնիկա, ոչնչացվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 3 ինքնաթիռ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ամենամեծ կորուստներն ուկրաինական բանակը կրել է մայիսին՝ օրական կորցնելով մինչև 100 զինվորական, վիրավորների թիվը հասել է 400-ի։ Բանակի կորուստների մասին թարմ տվյալներ նախարարը հրաժարվել է տրամադրել: Ուկրաինական կողմի համոզմամբ՝ Ռուսաստանը կարող է օգտագործել այդ տվյալները Կիևի դեմ:
G20-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԱՌԱՆՑ ԿՈՄՅՈՒՆԻԿԵԻ
Բալի կղզում «Քսանի խմբի» երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը կավարտվի առանց ամփոփիչ կոմյունիկեի՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետ կապված տարաձայնությունների պատճառով՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ենթադրվում է, որ դրա փոխարեն Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Սրի Ինդրավատին՝ որպես նիստի նախագահող, հանդես կգա հայտարարությամբ՝ ամփոփելով երկօրյա հանդիպման արդյունքները:
Միջոցառումից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը քննադատել է Մոսկվային Ուկրաինայում զարգացումների համար՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանի ներկայացուցիչները տեղ չունեն այդ համաժողովում: