Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի 30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է հենց հիվանդանոցից։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, մարզպետարանի պատասխանատուների հետ կարճատև շրջայց է կատարել հիվանդանոցում, հետևել աշխատանքներին, որից հետո Գյումրու հայորդյաց տան դահլիճում մասնակցել է հիվանդանոցի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
Մարզպետը շնորհավորել է հիվանդանոցի անձնակազմին օրվա առթիվ և նշել, որ գործունեության 30 տարիների ընթացքում հիվանդանոցում աշխատել են նվիրյալներ․ «Մարզային մակարդակում մանկական հիվանդանոցի առկայությունն առավել քան կարևոր է, ուրախ եմ, որ տարբեր շահագրգիռ կողմերի ներդրած ջանքերի շնորհիվ կարողացել ենք մեր մարզում այս բացառիկ բուժհաստատությունը պահպանել։ Հիվանդանոցը, իսկապես, ինքնատիպ է, բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական ծառայությունների մատուցումը վկայում է այդ մասին»։
Մարզպետը խոսելով հիվանդանոցի ձեռքբերումներից՝ նշել է, որ այն մրցակցային է ոչ միայն մարզային հիվանդանոցների մակարդակում, այլև հանրապետական նշանակության, և որ առողջապահության ոլորտին միտված պետական քաղաքականության արդյունքում վերջին տասնամյակի ընթացքում մայրական ու մանկական, ինչպես նաև մինչև հինգ տարեկան երեխաների մահացության կտրուկ նվազում կա երկրում։
Ըստ մարզպետի՝ հիվանդանոցի տարիների վաստակը նաև միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի և ճիշտ համագործակցության արդյունքն է։
Երախտագիտություն հայտնելով այն մարդկանց, որոնք հիվանդանոցի հիմնադրման ակունքներում են, 30-ամյակի առթիվ Նազելի Բաղդասարյանը շնորհակալագրեր է հանձնել բարերարներին։