ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները: Դրանք ներառում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ, հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու, Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ:
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն ընդգծել է, որ այս փոփոխությունները ևս մեկ անգամ լույս կսփռեն Իլհամ Ալիևի կողմից մարդու իրավունքների կոպիտ և բացահայտ խախտումների վրա:
«Ուրախ եմ, որ փոփոխությունները կներառվեն Ազգային պաշտպանության ակտում: Կշարունակեմ ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի»,- վստահեցրել է Փալոնը:
Նախաձեռնության շրջանակում նաև խստացվում են Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի պահանջները: Նախատեսվում է ԱՄՆ վարչակազմին արգելել Անկարային F-16 ինքնաթիռներ կամ դրանց բաղադրիչներ վաճառել կամ արտահանման թույլտվություն տրամադրել, մինչև նախագահը ապացույցներ չներկայացնի, որ նման գործարքը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին:
ԱՄՆ վարչակազմը նաև պետք է ապացուցի, որ Թուրքիան F-16-ները չի կիրառելու հունական տարածքով չթույլատրված թռիչքների համար:
ԱՄԵՆԱՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՐԵԼ Է ՄԱՅԻՍԻՆ
Ամենամեծ կորուստները ուկրաինական բանակը կրել է մայիսին՝ օրական կորցնելով մինչև 100 զինվորական, վիրավորների թիվը հասնում էր 400-ի՝ BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Ալեքսի Ռեզնիկովի խոսքով՝ երբ Վոլոդիմիր Զելենսկին խոսում էր հունիսին ուկրաինական բանակի կորուստների մասին, նկատի ուներ հենց մայիսի տվյալները։ Բանակի կորուստների մասին թարմ տվյալներ նախարարը հրաժարվել է տրամադրել: Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնում էր նաև օրական շուրջ 500 զոհի մասին:
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՈՍԿՈՒ ՆԵՐԿՐՈՒՄԸ
Եվրահանձնաժողովն ընդունել է հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ, որի համաձայն` արգելվում է ռուսական ոսկու ներկրումը։ Նշվում է նաև, որ սահմանափակումները չպետք է տարածվեն գյուղատնտեսական ապրանքների առևտրի վրա։
Եվրահանձնաժողովն առաջարկել է երկարաձգել գործող հակառուսական պատժամիջոցները մինչև 2023 թվականի հունվարի վերջ։
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵԱՏՄ-ԻՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի վավերացման մասին օրենքը:
Արձանագրությունը հաստատվել է Թեհրանում 2022 թվականի մարտի 14-ին։ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականին, դրանով ապրանքների սահմանափակ ցանկի համար ներմուծման արտոնյալ ռեժիմ է նախատեսվում։
Համաձայնագրի իրականացումը կնպաստի դեպի Իրան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալների մեծացմանը և կողմերի միջև տնտեսական կապերի զարգացմանը:
ԱՄՆ-Ը ԿՈՂՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Միացյալ Նահանգները հանդես է գալիս պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունների վերսկսման և մերձավորարևելյան հակամարտության կարգավորման օգտին՝ հաշվի առնելով 1967 թվականի դրությամբ գրավված տարածքները՝ Բեթղեհեմում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը հայտարարել է Ջո Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը վերահաստատել է պաղեստինյան և ամերիկյան ժողովուրդների միջև ամուր կապերի առկայությունը և ընդգծել անկախ, ինքնիշխան, կենսունակ և չմասնատված պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտությունը, որպեսզի Իսրայելը և Պաղեստինն անվտանգ ապրեն կողք-կողքի:
«Պաղեստինի ժողովուրդը տառապում է: Միացյալ Նահանգներում դա զգում են, մենք երբեք չենք հրաժարվել խաղաղություն հաստատելու փորձերից: Հարկավոր է ամրապնդել պաղեստինյան ինստիտուտները, բարելավել կառավարման համակարգը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը», - ընդգծել է Բայդենը:
Մահմուդ Աբասն, իր հերթին, նշել է, որ Պաղեստինը ցանկանում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները և վերաբացել ԱՄՆ հյուպատոսությունը Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև բացառել Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։
«Պատրաստ ենք աշխատել Վաշինգտոնի հետ ամուր կապեր հաստատելու ուղղությամբ։ 1967 թվականի դրությամբ գրավված տարածքների հիման վրա «երկու պետություն» ձևաչափով խնդրի լուծումն այսօր հնարավոր է», - ասել է Աբասը։
Լրատվամիջոցների տվյալով՝ Մերձավոր Արևելք այցի շրջանակում Բայդենն առաջին պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա: Նախատեսված է նրա հանդիպումը թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի, ինչպես նաև արքայազն Մուհամեդ Բին Սալմանի հետ։