Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարան է ներկայացվել 12 հայցադիմում, որոնցից դեռ միայն մեկը վարույթ չի ընդունվել: Դատախազությունը պահանջում է բռնագանձել 159 անշարժ, 37 շարժական գույք և 31 իրավաբանական անձանց մասնակցություն:
Սրբուհի Գալյան (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) - Հայցագնի չափը պարզ է, խոսքը շուրջ 70 միլիարդ ՀՀ դրամի մասին է: Իհարկե այս գումարը ևս բացարձակ չէ, ունենք իրավաբանական անձանցում մասնակցություններ, որոնք մինչ այս պահը դեռևս գնահատված չեն, և դրանք գնահատելու դեպքում իհարկե հայցագնի չափը կարող է էապես աճել:
Իսկ ընդհանուր մինչև այս պահը ուսումնասիրվել է շուրջ 350 անձի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ տեղեկություն, 25 ուսումնասիրություններով դատարանն անշարժ գույքի վրա կալանք է դրել: Թիրախում են բազմաթիվ պաշտոնատար անձինք՝ նախկին նախարարներից մինչև նախկին ոստիկանապետ: Օրեր առաջ կալանք է դրվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գույքի վրա: Ապօրինի գույքի բռնագանձման վարույթը կարող է նաև հաշտությամբ ավարտվել, եթե քաղաքացին համաձայնի պետությանը վերադարձնել ուսումնասիրությամբ հաստատված ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը:
Սրբուհի Գալյան - Մի շարք գործերով բանակցություններ տեղի են ունեցել, որոշ դեպքերում դրանք հաջողությամբ չեն պսակվել և ավարտվել են մեր կողմից դատարան հայցադիմում մուտք անելով, բայց այս պահի դրությամբ ունենք նաև ակտիվ բանակցություններ:
Դատարան ներկայացված 12 հայցերով դատական նիստերը, սակայն, ձգձգվում են՝ տարբեր պատճառներով:
Սրբուհի Գալյան - Գործընթացի դանդաղելու պատճառ է նաև Սահմանադրական դատարանում համապատասխան դիմումի քննությունը, որովհետև որոշակի տենդենց կա նաև դատարանների կողմից մեր գործերի քննությունը կասեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները տարվա սկզբին դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը: Օրեր առաջ Սահմանադրական դատարանը որոշեց կասեցնել գործի վարույթը և դիմել Վենետիկի հանձնաժողով՝ մի շարք հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար: Սրբուհի Գալյանի կարծիքով՝ գործերի արագ քննության հաջորդ խոչընդոտը դատարանների ծանրաբեռնվածությունն է, այդ թվում՝ դատախազության բազմաթիվ միջնորդություններով:
Սրբուհի Գալյան - 200-ից ավելի միջնորդություններ ենք մինչ այս պահը ներկայացրել դատարան, որպեսզի կարողանանք ստանալ անձանց բանկային, նոտարական, ապահովագրական, առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Դատախազի տեղակալը հույս ունի, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ, երբ լինեն միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը քննող դատավորներ, խնդիրը կլուծվի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան