Գեորգի Վարդանյան («Բրուտալ» ընկերության հիմնադիր տնօրեն) - Ես իմ ամբողջ կյանքը ինչ սկսել եմ ունենալ մորուք, մորուք եմ պահել ու երբ տեղափոխվեցի Հայաստան Շվեյցարիայից, ունեի խնդիր, որ չկար խնամքի միջոցներ մորուքը խնամված պահելու համար:
Տանը սկզբում միայն իր համար պատրաստվող քսուքը 2017-ից սկսեցին արտադրել ընկերոջ հետ։ Հետո արդեն այն վերածվեց ընտանեկան բիզնեսի՝ հիշում է երիտասարդ ձեռներեցը։ Այժմ կոսմետիկ նյութերի մի ամբողջ շարք ունեն՝ նախատեսված ուժեղ սեռի համար։
Նունե Վարդանյան («Բրուտալ» ընկերության աշխատակից) - Հիմնականում տղամարդու խնամքի միջոցներ են՝ շամպուններ, մազերի ֆիքսատորներ, մորուքի խնամքի միջոցներ, օճառներ, 12 տեսակի բազմատեսակ արտադրանք:
Սրվակներ լցվող յուղային այս խառնուրդը, օրինակ՝ մորուքին փափկություն ու փայլ հաղորդող, թավ պահող նյութ է։ Արտադրում են նաև դեմքի տարատեսակ բալզամներ, ոսկեր։ Դրանց բաղադրությունն ամբողջությամբ իրենց տեխնոլոգիական մշակումներ են։
Արթուր Թադևոսյան («Բրուտալ» ընկերության աշխատակից) - Սկրաբ-օճառ՝ մաքրում ա դեմքը շիայի յուղով պատրաստված և կակաչի սերմերով:
Այդ հիմա են չսափրվողները Հայաստանում շատ, տեսականու պահանջարկը նաև՝ տեղական շուկայում է բարձրացել։ 5 տարի առաջ, երբ սկսում էին արտադրությունը, բիզնես գաղափարը խենթություն էր թվում։ Որ կոսմետիկ շարքը կանանց հետ չասոցացվի, ընկերությունը դիվանագիտորեն կոչեցին «Բրուտալ», ապրանքանիշ ընտրեցին «Բոլդ մեն»-ը, ու արտադրանքն արտասահման վաճառի տարան։ Կարողացել են մտել նաև բարդ համարվող արաբական շուկա՝ հպարտանում է ընկերության հիմնադիրը։
Գեորգի Վարդանյան - Արտահանում ենք Ռուսաստան, Ամերիկա, Դուբայ, Քուվեյթ, Կատար, հիմա ուզում ենք ընդլայնվել դեպի Եվրոպա՝ սկսում ենք Կիպրոսից և շատ մեծ հետաքրքրություն ունենք Ռուսաստանից, որովհետև մեծ հետաքրքրություն ա բացվել Ռուսաստանից վերջին դեպքերից հետո:
Էմբարգոյի տակ հայտնված ռուսական շուկայում հիմա ազատվել է տղամարդկանց խնամքի միջոցների եվրոպական, միջին ու միջինից բարձր գնային կարգի տեսականու տեղը։ Ամենահարմար պահն է մեծ ծավալներով պատվեր վերցնելու, եթե դոլար-դրամ փոխարժեքի անորոշությունը չլիներ։ Թե՛ հումքը, թե՛ պատրաստի արտադրանքը ընկերությունն արտարժույթով է գնում-վաճառում․ սպասում են՝ հասկանան՝ եթե իջած կուրսը պահպանվելու է՝ ֆինանսական ծրագրերը դրան ադապտացնեն։ Եթե վերականգնվելու է, մի քիչ էլ դիմանան, չթանկացնեն ապրանքն ու հետո էժանացնեն՝ անլուրջ տպավորություն թողնելով առևտրային գործընկերների վրա։
Գեորգի Վարդանյան - Ներկա պահին մեր հումքը մեր վրա թանկացել ա 20-25 տոկոսով դոլարի պատճառով, փորձում ենք մի բան անել, ռեզերվներ ունեինք, դրանք էինք օգտագործում, որ տեսնենք՝ նորն ինչ պետք է անենք:
Գնային քաղաքականությունից անկախ՝ տեսականու արտահանման մեծ պահանջարկ ունեն, այնպես որ, արտադրությունն առաջիկայում պետք է հզորացնեն՝ տարեկան այժմյան մոտ 30 հազար կտոր ապրանքից մինչև գոնե 0,5 մլն հատ։