Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում հուլիսի 15-ին գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների ու բաժանմունքների պետերն ու տեղակալները։ Ներկայացվել են ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները:
Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀԿԱԾ տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահե Մովսիսյանը։ Արձանագրվել է, որ նախորդ տարիների հաշվետու նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ծառայության գործունեության ցուցանիշների բարելավում։ Մասնավորապես՝ նկատելիորել աճել է ֆիզիկական անձանց օգտին բռնագանձված գումարների չափը, շոշափելի արդյունքներ են գրանցվել ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացման արդյունավետության առնչությամբ, զգալիորեն աճել են նաև գանձված և պետական բյուջե փոխանցված կատարողական ծախսերի չափերը։
Օրակարգի համաձայն՝ հաշվետու ելույթներով հանդես են եկել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լևոն Բալյանը, գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Դավիթ Կնյազյանը, իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը, ընդհանուր բաժնի պետ Մարտին Մարությանը։
Բանախոսներն անդրադարձել են էլեկտրոնային կառավարման գործիքակազմերի շարունակական ներդրմամբ ոչ միայն քաղաքացիների համար կատարողական վարույթին առնչվող տեղեկատվության առավելագույն մատչելիության ապահովման անհրաժեշտությանը, այլև հարկադիր կատարողների աշխատանքի որակի բարձրացմանը և ծանրաբեռնվածության նվազեցմանն առնչվող հարցերին։
Քննարկվել են նաև ԱՆ վերահսկողական վարչության ուսումնասիրությունների, տեսչական ստուգումների և ծառայողական քննությունների արդյունքները։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված աշխատանքային բացթողումները շտկելու, գործող շրջաբերականների և հանձնարարականների դրույթների խստիվ պահպանմամբ ծառայության բոլոր բաժիններում միատեսակ պրակտիկա ձևավորելու, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման որակի շեշտակի բարձրացման ուղղությամբ։
Ամփոփելով ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ գլխավոր հարկադիր կատարողն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հաշվետու ժամանակահատվածում ծառայության կատարած աշխատանքը՝ նշելով, որ հետևողական աշխատանքի արդյունքում ծառայության կողմից արձանագրված կատարողական ցուցանիշները տարեվերջին ավելի շոշափելի կլինեն։
Խորհրդակցության ավարտին մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականություններն օրինակելի և բարեխիղճ կատարելու համար։