ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ փուլում մրցել է Ջիբրալթարի թիմի հետ և 76:59 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Մողոյանը՝ վաստակած 23 միավորով: Նա 1 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:
Խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 76:97 հաշվով պարտվել էր Անդորրայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում 84:72 հաշվով հաղթել էր Մոլդովային:
Այսպիսով, Հայաստանի թիմը, զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվել է Ալբանիայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողն Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով: Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն էլ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 53:62 հաշվով պարտվել է Կիպրոսի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Միկայելա Սավվան էր՝ վաստակած 27 միավորով:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 22 միավորով:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով Ալբանիայի հետ: