Հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով այսօր կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարան, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում:
Օլիմպիադայի մասնակիցներին զարմացրել է «Էրեբունի» թանգարանի՝ ուրարտական ամրոցի կրկնօրինակությամբ պատրաստված մանրակերտը: Շրջելով թանգարանի ողջ տարածքով և ծանոթանալով հնագույն ժամանակների մասին վկայող հավաքածուին՝ օլիմպիականները մեծ հետաքրքրությամբ դիտել են հայկական Արին Բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից հայտնաբերված հնագիտական առարկաները, որոնք պատմում են նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և հայկական վաղ ժամանակաշրջանների մասին:
«Էրեբունի» թանգարան կատարած էքսկուրսիայից հետո օլիմպիադայի մասնակիցներն այցելել են Մատենադարան, որտեղ նրանց համար անցկացվել է «Կենսաբանական մեթոդների կիրառումը հայկական ձեռագրերի պահպանման գործում» խորագրով վարպետաց դաս:
Օտարերկրյա հյուրերը հատկապես տպավորվել են՝ տեսնելով հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը՝ «Մշո ճառընտիրը», և հայերեն ամենափոքր ձեռագիրը՝ «Տոնացույցը»։ Մասնագետները նրանց պատմել են, թե ինչ նյութերով են մշակվում և պահպանվում հայկական հին ձեռագրերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-18-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից:
Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված փակման արարողության ընթացքում:
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի աշխատանքները համակարգում է Երևանի պետական համալսարանը: Օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։