ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵԱՏՄ-ԻՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի վավերացման մասին օրենքը:
Արձանագրությունը հաստատվել է Թեհրանում 2022 թ. մարտի 14-ին։ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թ., դրանով ապրանքների սահմանափակ ցուցակի համար ներմուծման արտոնյալ ռեժիմ է նախատեսվում։
Համաձայնագրի իրականացումը կնպաստի դեպի Իրան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալների մեծացմանը և կողմերի միջև տնտեսական կապերի զարգացմանը:
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԴԱՌՆԱ «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման, հացահատիկի արտահանման հարցով Ստամբուլում հուլիսի 13-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը հանդես է եկել առաջարկներով, որոնք հիմնականում արժանացել են կողմերի հավանությանը՝ հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Մոսկվան առաջարկել է տարբերակներ՝ ապահովելու սննդամթերքի արտահանումը տարբեր, այդ թվում՝ Ռուսաստանի բարեկամ երկրներ, սակայն պայմանով, որ այդ երթուղիները չեն օգտագործվի Կիևին ռազմական տեխնիկա մատակարարելու համար»,- նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նա տեղեկացրել է, որ կողմերը մոտ ապագայում կվերջնականացնեն այսպես կոչված «Սևծովյան նախաձեռնություն» եզրափակիչ փաստաթուղթը։
ԻՐԱՆԸ ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ԱՄՆ-Ի ՍԽԱԼ ՔԱՅԼԵՐԻՆ. ՌԱՅԻՍԻ
Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին՝ հայտարարել է Էբրահիմ Ռայիսին։ «Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում անկայունություն ու ճգնաժամեր: Մեր պատասխան քայլերը կստիպեն Վաշինգտոնին և իր դաշնակիցներին զղջալ: Իրանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը անվտանգության երաշխիք են տարածաշրջանում»,- նշել է նախագահը։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության վրա պատժամիջոցներով և սպառնալիքներով ճնշում գործադրելու քաղաքականությունը ձախողվել է։
Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել էր՝ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն ստանա, և պատրաստ է ուժ կիրառելու Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց: Նա մեծ սխալ է որակել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ դուրս գալու Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, միաժամանակ հանդես եկել Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին:
ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Իսրայելի վարչապետը ողջունել է Սաուդյան Արաբիայի որոշումը՝ բացել իր օդային տարածքը իսրայելական բոլոր ավիաընկերությունների համար։
«Սա առաջին քայլն էր, այն հնարավոր դարձավ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական երկար և ոչ միշտ հանրային շփումների արդյունքում: Այս որոշմանը նախորդեցին Երուսաղեմի հռչակագրի ստորագրումը և Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ ապահովելու Իսրայելի անվտանգությունը և պայքարելու Իրանի միջուկային ծրագրի դեմ»,- ընդգծել է Յաիր Լապիդը:
Նա շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին Մերձավոր Արևելք, մասնավորապես՝ Իսրայել այցի համար, որը մեկնարկել է հուլիսի 13-ին և կավարտվի վաղը՝ հուլիսի 16-ին: Այժմ Բայդենը Բեթղեհեմում է, որտեղ նրան դիմավորել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։