Ամենահանճարեղ դասական երաժշտությունն անգամ լսելով, միևնույն է, ինչ-որ պահի ցանկանում ես այլ բան լսել, բայց ժողովրդական երգը երբեք չի հոգնեցնում: Այն մեզ համար կենսաբանություն է: Ժողովրդական երգի՝ մեր հանրային կյանքում ունեցած դերն անհնար է գերագնահատել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերի միավորմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը:
«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվելիք նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:
«Փոփոխություններն ուղղված են ոչ թե թուլացնելու, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելու համակարգը,- իր դիտարկումն է ներկայացրել Արա Խզմալյանը և հավելել,- այս ՊՈԱԿ-ները չեն գործում միասնական քաղաքականության համատեքստում և շատ հաճախ տեղյակ չեն մեկը մյուսի երկացանկից:
Հարցը քննարկվել է ոլորտի առաջատար մասնագետների հետ, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների ղեկավարների, Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կազմակերպվել են լսումներ, դրանց գործունեության դետալային ուսումնասիրություններ: Պետք է արձանագրել, որ արդյունքները գերազանցապես լավ կամ բավարար վիճակում չեն: Ըստ տարազագետի՝ խախտված է տարազային նշանագիտությունը, խաթարված է պրոֆեսիոնալ կոլեկտիվների համագործակցությունը և այլն»:
Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:
Փոխնախարարը վստահեցրել է՝ կառույցների ղեկավար կազմը փոխելու որևէ ցանկություն կամ մտադրություն դեռևս չկա, պարզապես տնօրենները կդառնան ստեղծագործական խմբերի ղեկավարներ: Անհրաժեշտություն կա մեկ կառավարչի, որն օրնիբուն կզբաղվի կանոնադրական խնդիրը ճշտելով ու համակարգելով, որովհետև կառույցների կանոնադրական նպատակներից շեղումներ են արձանագրվում:
Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:
Առաջնային խնդիր է հասկանալ, թե յուրաքանչյուր կառույց այսօր Հայաստանի Հանրապետությունում ինչ մշակութային դիմագիծ է մշակում: Միավորումը, ըստ էության, ոլորտի ռազմավարական նշանակության բարձրացմանն է ուղղված:
«Մեր արյան շրջանառությունը կարգավորվում է ժողովրդական երգից ու պարից: Ու մենք ուզում ենք՝ ժողովրդական արվեստը երիտասարդության շրջանում լինի պահանջված ոլորտ, վերականգնի իր հանրային վարկանիշը, հնչի ամենուր, որովհետև դրա թերապևտիկ նշանակությունն անգնահատելի է մեր օրերում՝ վերջին արհավիրքից հետո»,- ասել է Ա. Խզմալյանը՝ իրազեկելով, որ երկու ամիս անց անցկացվելու է «Զարկֆեստը»՝ Յարխուշտայի փառատոնը, որի նպատակը, ի թիվս այլ ծրագրերի, ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտ բերելն է:
«Որևէ հաստատություն փակելը միշտ ամենահեշտ ճանապարհն է, որի լիազորությունն ունի նախարարությունը, բայց որակը վերականգնելը և պատշաճ մակարդակի բերելը երկարատև և ավելի թանկ ճանապարհ է, որն էլ մենք ընտրել ենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Նա արձանագրել է՝ Կառավարությունը և հատկապես ոլորտը կարգավորող գերատեսչությունը չեն կարող դեմ լինել տվյալ կառույցի իրավակազմակերպական կարգավիճակին. դեմ են առկա արդյունքին. «Եթե կա արդյունք, դա պետական մշակութային քաղաքականության մաս է, գործիք: Կառավարությունը չի կարող հրաժարվել արդյունավետ աշխատող կառույցից»:
Ա. Խզմալյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ մշակութային կառույցները վերափոխվել են, կարևոր է ճիշտ և պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումը, յուրաքանչյուր ՊՈԱԿ պահանջում է իր առանձին արդյունքային ցուցանիշը, հանդիսատեսային շուկայի վերլուծության կարիք կա:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։