Սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններն առավել նպաստավոր մթնոլորտում կանցնեն՝ վստահ է կառավարող մեծամասնության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որը նաև Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համահեղինակն է: Խորհրդարանը հինգշաբթի արտահերթում մի քանի շտկում կատարեց գործող օրենքում: Ամրագրեց՝ համամասնական կարգով ընտրության դեպքում, անկախ ընտրողների թվից, մասնակից կուսակցությունների ու դաշինքների անունները տպագրվելու են առանձին քվեաթերթիկների վրա: Սա հեշտացնելու է նաև տեղամաս եկած քաղաքացու գործը, քանի որ ծրարի մեջ դնելու է նախընտրած քաղաքական ուժի թերթիկը, գրիչ չի օգտագործվելու:
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Տարիներ շարունակ և տարբեր ընտրություններում միշտ եղել է ընտրության արդյունքների, ասենք՝ կոնկրետ տեղամասում գոնե, ընտրության արդյունքների անարժանահավատության հիմք, որովհետև գրիչների տարբեր գույները, անգամ այդ նույն նշանը արդյոք վանդակի մեջ է, վանդակի մեջ չէ, տեսանելի է, երկու գիծ է քաշված՝ էս ամենն էնքան վեճեր են առաջացնում հաշվարկի կամ ամփոփման փուլում, որ շատ ավելի նպատակահարմար է գրիչ չկիրառել դրանից բխող մյուս հետևանքներով:
Առանց գրիչի քվեարկելու մեթոդն ընտրողներին ծանոթ է, վերջին՝ 2021-ի համապետական ընտրությունն էլ այդ մոդելով անցավ՝ հիշեցնում է Տիգրանյանը: Դա, իհարկե, կավելացնի պրոցեսի համար նախատեսվող ծախսերը, բայց, ըստ պատգամավորի, հարցը քննարկվել է Կառավարության հետ: Ժամկետն էլ բավարար է սեպտեմբերին փոփոխությունը գործնականում կիրառելու համար:
Աշնանը մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ևս մեկ կարևոր փոփոխություն է արվել: Որոշվել է՝ այսուհետև կուսակցությունների, դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ, դրանց հոլովաձևեր կամ շփոթելու աստիճանի նմանություններ, նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ: Համահեղինակը բացատրում է՝ երբ անցում էր կատարվում համամասնական ընտրակարգի, նպատակն էր, որ իրական պայքարը լինի ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժերի միջև, քաղաքացին պետք է ընտրի՝ ոչ թե ցուցակում անձի անունը տեսնելով, այլ քաղաքական ծրագրին ծանոթանալով:
Հերիքնազ Տիգրանյան - Պրակտիկան ցույց էր տալիս, որ կուսակցության ու կուսակցությունների դաշինքի պարագայում դաշինքի անվանումը լինում է կոնկրետ անձի անուն, ասենք՝ գործող քաղաքապետի կամ հայտնի որևէ մեկի անուն, և նա էր դառնում լոկոմոտիվը ամբողջ քաղաքական թիմի ընտրական ցուցակի, վերանում էին համամասնական ընտրակարգի բովանդակությունն ու էությունը:
Բայց որ թյուրընկալում չլինի, Տիգրանյանը հստակեցնում է՝ այս սահմանափակումը կգործի այն պահից, երբ օրենքը մտնի ուժի մեջ: Կուսակցությունների դեպքում այն հետադարձ ուժ չունի, դրույթը կտարածվի միայն նոր գրանցվող կուսակցությունների վրա, ինչ վերաբերում է դաշինքներին, օրենքի համահեղինակի խոսքով՝ առաջիկա ՏԻՄ ընտրությանը միասնական պայքարի գնացող ուժերն այս հարցում պետք է ուշադիր լինեն:
Հերիքնազ Տիգրանյան - Այս ընթացքում դեռ թեկնածուների գրանցման ժամանակահատվածը չի սկսվել, հետևաբար, հարթակը դեռ բաց չէ կուսակցությունների կամ դաշինքների գրանցման համար, կուսակցությունները, որոնք ուզում են դաշինք ձևավորեն, պիտի այս դրույթը հաշվի առնեն, որ իրենք չեն կարող դաշինքի անվանում ունենալ անձնանունով:
Այս բոլոր փոփոխությունները, ըստ Հերիքնազ Տիգրանյանի, կատարվել են քաղհասարակության հետ ակտիվ քննարկումների արդյունքում՝ հաշվի առելով նախորդ ընտրությունների բացերը, նաև նրանց՝ դիտորդական առաքելության զեկույցներում տեղ գտած խնդիրները: Օրենքի նոր խմբագրությամբ ամրագրվել է նաև, որ այսուհետև ՏԻՄ ընտրությունների ընթացքն էլ կհեռարձակվի ուղիղ եթերով՝ ԿԸՀ կայքէջով, ինչպես համապետականների դեպքում է: Բայց այս կետն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, սեպտեմբերին հասցնելու համար ժամկետը սուղ է: