Հայ-գերմանական գործընկերության նոր հիմք է Գերմանիայի կառավարության, տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության 2030 թ. ռազմավարությունը, որով նախանշվում է եվրոպական առաջատար այդ երկրի հարաբերությունների սերտացումը գործընկերների հետ: Գերմանիայում Հայաստանի դեսպանը փաստաթուղթը համարում է առանցքային:
Վիկտոր Ենգիբարյան (Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան) - Նախարար Սվենյա Շուլցեն Հայաստանում ազդարարեց Հայաստանի արված առաջարկը երկկողմ գործընկերների մեջ ներգրավելու մասին: Մենք ԵՄ շրջանակում կունենանք բազմակողմ գործակցության ծրագրեր, տարածաշրջանային ծրագրեր: Այս նոր որոշումը Գերմանիայի կառավարության հարաբերությունները բարձրացնելու է որակական նոր մակարդակ, նշանակում է՝ մեծ ներդրումներ Գերմանիայի կողմից:
Որոշումը ենթադրում է նաև մասնավոր հատվածների միջև գործակցության բարձր մակարդակ՝ վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում: Դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ասում է՝ աշնանը տեղի կունենան հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններ, նախանշվում են առաջնահերթությունները:
Վիկտոր Ենգիբարյան - Գերմանիան աշխարհի ամենախոշոր տնտեսություններից մեկն է, այնտեղ շատ է զարգացած միջին ձեռներեցության խավը, չափազանց մեծ ներուժ կա գիտության, կրթության, մասնավորի միջև, պետք է ապագայում փորձենք ամբողջությամբ օգտագործել: ԵՄ-ում ԳԴՀ-ն մեր թիվ 1 առևտրային գործընկերն է, բայց կրկին կա չսպառված մեծ ներուժ՝ տեխնոլոգիական ներհոսքի և գիտության ոլորտում համագործակցության:
Հայաստանում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը: Նախատեսվում է Արմավիր և Նաումբուրգ քաղաքների, նաև Արմավիրի մարզի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդ շրջանի միջև գործընկերության հաստատման ծրագրերի քննարկում։ Պատվիրակության կազմում են նաև գործարարներ, կուսումնասիրեն Հայաստանի և, մասնավորապես, Արմավիրի մարզի ներդրումային միջավայրը։
Գուննար Շելլենբերգեր (Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ) - Ըստ էության, մենք լինելու ենք հայ և գերմանացի գործարարների համատեղ աշխատանքի կապող օղակը: Բացի այդ, ներդրումային ծրագրերի շրջանակում լինելու են կրթական և մշակութային համատեղ ծրագրեր:
Միխայել Շմիդտ (Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս) - Սաքսոնիա-Անհալթ երկրամասում պարբերաբար իրականացնում ենք կրթական ու մշակութային ծրագրեր՝ այդպես տարածելով հայկական մշակույթը: Այս այցը ևս մեկ անգամ վկայում է՝ Հայաստանն ու Գերմանիան՝ որպես բարեկամներ, ամեն տարի բարձր մակարդակով ջանք են ներդնում՝ կյանքի կոչելու նոր ծրագրեր:
Դեսպանը բարձր է գնահատում երկկողմ քաղաքական գործակցությունը: Ակտիվացել են փոխայցերը: Հուլիսի սկզբին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ արտգործնախարարությունների միջև: Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի պատվիրակությունը Գերմանիայում գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի դիրքորոշումները, քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները:
Վիկտոր Ենգիբարյան - Հանդիպումներ ունեցան Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, փոխնախագահի, առանձին կուսակցությունների հետ, ասոցիացիաների, քաղաքական հիմնադրամների հետ:
Սաքսոնիա-Անհալթ երկրամասը հետաքրքրված է Հայաստանում գինեգործությամբ և կոնյակագործությամբ, որն էլ եղել է Արմավիրի հետ բարեկամանալու խթանը: Դեսպանի խոսքով՝ քովիդից հետո վերականգնվում են հայ-գերմանական կրթական ծրագրերը:
Վիկտոր Ենգիբարյան - Կարևորում եմ ուղիղ համալսարանների միջև գործակցությունը: Քյոլնի համալսարանը, Պոլիտեխնիկը, իրենք հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով: Թումոն Հայաստանի համար այցեքարտ է, որ գործում է Բեռլինում:
Մի քանի օրից էլ Հայաստան կայցելի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդը: