Տեսչականի շարժական կշեռքը տևական ժամանակ միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներին է:
Տվյալ կշեռքը կշռում է և՛ դինամիկ, և՛ ստատիկ ռեժիմով: Մենք հիմա իրականացնում ենք ստատիկ ռեժիմով, որպեսզի ավելի ռեալ քաշ ունենանք:
Հանրապետությունում մեծ թափով իրականացվող ասֆալտապատմանը զուգահեռ գերբեռնված մեքենաները վնասում են ճանապարհները՝ ահազանգում է ոլորտը վերահսկող տեսչականը: Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Վաղարշապատ-Երևան ճանապարհին հերթով կշռում, ստուգում են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատարների թույլատրելի բեռնվածությունը:
Արամ Աղայան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ) - Ներկա դրությամբ տրանսպորտային միջոցի ընդհանուր բեռնվածությունը 14540, երկրորդ սռնու վրա՝ 11170, այսինքն՝ նախատեսվածից ավել չի:
Նման տրանսպորտային միջոցը միջպետական նշանակության ճանապարհներին քաշող սռնու վրա պետք է ունենա առավելագույնը 11.5 տոննա բարձվածություն՝ բացատրում է տեսչականի մասնագետը, հանրապետական նշանակության ճանապարհներին՝ 10, տեղական ճանապարհներին՝ 8 տոննա:
Հերթը 4 սռնի ունեցող այս բեռնատարինն է: Թույլատրելի բեռնվածությունը՝ մեքենան բեռով, առավելագույնը 32 տոննա է, հետևի երկու սռնիների վրա՝ յուրաքանչյուրինը 9.5 տոննա:
Արամ Աղայան - Այո՛, տվյալ տրանսպորտային միջոցը գերբեռնված էր, թույլատրելին 32 տոննա է, սակայն այն այժմ 60 տոննա 960 կգ է, առավելագույն քաշը գերազանցել է 28 տոննա 960 կգ-ով: Արձանագրություն կկազմենք, փաստը կարձանագրենք, կուղարկենք վարույթն իրականացնող մարմին:
Տուգանքի չափը 200.000 դրամ է, եթե չմասնատվող բեռ է, օրինակ՝ մեծ քար է տեղափոխում, տուգանքի այս չափը յուրաքանչյուր տոննայի համար է: Այս տարի Արմավիրի մարզում տեսուչները 67 կշռում են իրականացրել, 47-ի նկատմամբ արձանագրություն կազմել: Օրվա ընթացքում 10 կշռումից 7 խախտում հայտնաբերվեց:
Կարեն Սարգսյան (ՔՏՀԱՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի տեղակալ) - Քանի որ Արմավիրի մարզը հատում է մի քանի միջպետական ճանապարհներ, կշեռքները տեղադրում ենք տարբեր հատվածներում, որպեսզի հանքերից դուրս եկող բոլոր մեքենաները կշռենք:
Տեսուչները բացատրում են՝ 5 և ավելի սռնի ունեցող բեռնատարների առավելագույն բեռնվածությունը չպետք է գերազանցի 40 տոննան, բացառություն է կոնտեյներ տեղափոխողներինը, այդ դեպքում՝ 44 տոննա:
Արամ Աղայան - Ունենք դեպքեր՝ 30-40 տոննա ավել բեռնված են երթևեկում, Արարատի մարզում կշռման ժամանակ արդեն վնասում էր ճանապարհը, ավելի մեծ վնաս են պատճառում վայրէջքների, վերելքների ժամանակ, հատկապես երբ արգելակում են:
Արարատի մարզում էլ նախորդ օրերին տեսչականը 13 ստուգում-կշռումից 7 արձանագրություն է կազմել:
Շարժական այս կշեռքներին շուտով անշարժները կփոխարինեն, տեսչականը նախատեսում է առաջիկայում Սիսիանում 24-ժամյա ծառայություն սկսել: Զուգահեռ մշակվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների, լրացումների նախագիծ, ըստ որի՝ մինչև 3 տոննա գերբեռնվածության համար վարորդը 200.000 դրամով կտուգանվի, դրանից հետո յուրաքանչյուր ավելի ամեն տոննայի համար էլ կլինի ևս 200.000 դրամ: