Գավառի Հայրավանք գյուղում Գեղարքունիքի մարզին ոչ բնորոշ հատապտուղ՝ ելակ են մշակում: Սածիլները Սևակ Բադոյանը դեռ անցյալ տարի ամռանը Արարատյան դաշտից է գյուղ բերել ու ցանել այն հողակտորի վրա, ուր նախկինում կարտոֆիլ էր աճեցնում: Ելակի թփերն այս ամիսներին հաղթահարել են իրենց համար անսովոր կլիմայական երևույթները:
Սևան Բադոյան (Հայրավանքի բնակիչ) - Էկանք տեսանք՝ ամբողջովին ծածկված էր ձյան տակ: Բայց էլի չհուսահատվեցինք ու փորձինք նորից խնամենք, հիրանը նորից մշակենք, բոլորովս ընտանիքով գալիս աշխատում էինք:
Բադոյանների ընտանիքի խնամքը փրկեց նորածիլ թփերը: Փորձնական մշակումը հաջողվեց, փորձարարն էլ այս տարի արդեն 500 կգ ելակ վաճառեց: Արդյունքից ոգևորված՝ որոշել է ավելացնել մշակության ծավալները՝ ելակ դնելով 10 հեկտարի վրա, հատկապես որ սածիլի անհրաժեշտ քանակության համար այլևս գումար չի ծախսելու:
Սևան Բադոյան - Էս փորձնականը դրած ա 1000 մետրի վրա: Մինչև մի 10.000 մետր կարանք դնենք: Շուկա ունենք վաճառելու, դաժե դրսի շուկա ունենք, որ կարանք արտահանենք դուրս: Ուղղակի իրա նպատակը, որ Էջմիածնում, Արտաշատում, որտեղ որ կլուբնիկ ըլնում ա, ընդեղինը վերջանում ա, մերը սկսվում ա: Հենց նպատակը հիմա էդ ա, որ շուկայում միշտ ունենանք: Եթե ունենայինք հակակարկտային, ինքը շատ եկամտաբեր է՝ համեմատած գարուն, ցորենին կամ կարտոֆիլին: Ինքը շատ եկամտաբեր ա, ու պրիտոմ մեր մարզում նմանը չկա:
Անարատ պտուղ եմ աճեցրել, որը սնունդ է առել հողից ու քաղցրացել մեր թեժ արևից՝ ասում է Սևանը՝ վստահեցնելով, որ թունաքիմիկատ չի օգտագործել բերքն ավելացնելու կամ պտուղը մեծացնելու համար: Ոռոգումն էլ իրականացրել է կաթիլային եղանակով:
Սևան Բադոյան- Գարնան շատ ջրից, որ անընդհատ անձրևներ շատ էր գալում, տվեց դեղնավ: Մի հատ էդ դեղնելու դեմ դեղ եմ սրսկե, որ ինքը վերականգնվի, մգանա գույնը, էդ ա հելե: Թե չէ ոչ մի թունաքիմիկատ, ոչ մի սելիտրա, ոչ մի բան չեմ տվե բացարձակապես: Լրիվ բնական ա: Ու ով եկե կերավ, ասում ա՝ ես ըսենց համի կլուբնիկ երբևիցե կերած չկայի, ու իրականում, էլի:
Հողատարածքը, ուր մշակվում է ելակը, ճանապարհի վրա է: Սևակն ասում է՝ անցնող-դարձողները կարող են համտեսել այն և մտածել ավանդական մշակաբույսներն առավել բարձրարժեք տեսակներով փոխարինելու մասին:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան