Նոյակերտում 10-րդ օրն է՝ խմելու ջուր չունեն: Արարատի մարզի այս գյուղի բնակիչները մշտապես բողոքել են, ճանապարհ փակել, պահանջել օր առաջ լուծել խնդիրը:
Անահիտ Պետրոսյան (Նոյակերտի բնակիչ) - 320 դրամ փող եմ մուծել, ասում ա՝ մալադեց... Բա 15 օր ջուր չի տվել, դրա համար 320 եմ մուծել:
Տիգրան Ղուկասյան (Նոյակերտի բնակիչ) - Ամեն 15 օրը մեկ սենց ա լինում, երբ զանգում ենք, ասում ենք՝ հեսա լրագրող ենք կանչում, դուրս ենք գալիս փողոց փակենք, հաջորդ օրը ջրերը գալիս ա, այսինքն՝ իրենք գիտեն, էդ ջուրն ուր ա գնում:
Ամեն տարի ապրիլ-սեպտեմբերին Նոյակերտում նույն վիճակն է, բնակիչները համայնքապետի դուռն ամեն օր են ծեծում և նույն պարզաբանումը լսում՝ ջրի սակավություն կա, և դա է պատճառը, որ չի բավարարում: Բնակիչները մինչդեռ այդ պնդումներին չեն հավատում, վստահ են՝ խմելու ջուրն իրականում այլ նպատակով է օգտագործվում:
Էլվիրա Սարգսյան (Նոյակերտի բնակիչ) - Ասում են, որ Ավշարը փակում ա, ջուրը գնում ա դեպի Ավշար, մեզի չի հասնում ջուր, չկա: Ասում եմ՝ ինչի՞ չկա, բաղե՞ր են ջրում իրենք: Էդի մենք չենք կարա ասենք, մենք չենք իմանում:
Լիանա Մանուկյան (Նոյակերտի բնակիչ) - Ավշարի գործարանը ջուրը կտրել, տվել ա իրա գործարանին, բանկաներն ա լվում, բերքեր ա լվում: Մեր Խալիսա գյուղը ջուր չունենք: Մենք ինչո՞վ բանկա փակենք:
Ավելի քան 2200 բնակչություն ունեցող Նոյակերտում յուրաքանչյուր ընտանիք իր միջոցներով է խմելու ջրագիծ կառուցել: Նախագիծ, նախահաշվարկ, ավելին՝ ջրագծի քարտեզագրում էլ չկա: Ջուրն էլ գյուղին մեծածախով վաճառում է «Վեոլիա ջուրը»: Ընկերությունը համարում է, որ այս համայնքում ջրագծերն ապօրինի են կառուցվել և հետագա խնդիրներից խուսափելու համար չի պատրաստվում ջրամատակարարման մշտական շահագործում իրականացնել:
Ջավահիր Խաչատրյան (Նոյակերտի բնակիչ) - Իրենց տրուբեքով բերեն, մերը քանդեն թափեն, իրենց ծախսերով, բերեն քաշեն, ջուրն էլ տան, մենք էլ գումարը տանք: Ես էս ամիս ջրի փող չեմ տալու, որովհետև չեմ խմել:
Տիգրան Ղուկասյան (Նոյակերտի բնակիչ) - 10 օր կապլի ջուր չի եկել: Կողքի գյուղից գնում ենք խմելու ջուր ենք բերում, ով արտեզյան հոր ունի, գոնե իր լվացքն անում ա, ով էլ չունի՝ իր երեխեքին, իր հարսներին պիտի ուղարկի կողքի գյուղեր՝ բարեկամի տուն, գնացեք լողացեք, լվացք արեք:
Մարինե Հովհաննիսյան (Նոյակերտի բնակիչ) - Երեխեքին ո՞ւր ուղարկեմ, ամեն օր երեք անգամ շոր են փոխում, սենց բան կլինի՞: 41-45 աստիճան, իմ մարդը դաշտում ա, հեչ-հեչ՝ 5-6 լիտր ջուր ա տանում:
Ավելի ուշ նոյակերտցիներին միացավ համայնքի վարչական ղեկավարը: Կարեն Պողոսյանը բնակիչների դժգոհությունները նորից լսեց, հորդորեց սպասել, ըմբռնումով մոտենալ: Ասաց՝ այդ ուղղությամբ աշխատում են, և խնդիրը շուտով կկարգավորվի: Մշտական՝ չեն խոստանում, բայց գրաֆիկով ջրամատակարարում կփորձեն ապահովել:
Կարեն Պողոսյան (Նոյակերտի վարչական ղեկավար) - Մարզպետարանից էլ են նույն կարծիքին, որ անհապաղ, ինչը որ կարևոր ա, ինչքան որ կարան հարցը լուծեն, լուծելու են, անպատասխան չի մնալու էդ հարցը: Ժամը 8-ից միացվելու է, օր ու մեջ, երկու ամիս, դրանից հետո հարցը կկարգավորվի, օգոստոս, սեպտեմբերն էլ ներառյալ:
Արարատի մարզպետարանից նշեցին՝ խմելու ջրի հարցն իրենց օրակարգում է, 2021-ին Կառավարության աջակցությամբ ջրագծերի կառուցման, հիմնանորոգման մի քանի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել: Արդյոք հաջորդ տարի Նոյակերտը կընդգրկվի՞ այդ ցուցակում, առաջնահերթություն կտրվի՞ գյուղացիների պահանջին, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ: