Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի: Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը:
Դեսպան Ենգիբարյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին, անդրադարձավ պատվիրակության այցի նպատակներին: Ողջունելով Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետը խոսել է հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու ունեցած կարևորագույն դերակատարության մասին՝ հավելելով, որ Հայ Եկեղեցու առաքելությունն անջնջելիորեն միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատել է, որ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները դարերի ընթացքում դիմագրավել են իրենց առջև ծառացած փորձությունները՝ պահպանելով ազգային ինքնությունը: Հայոց Հովվապետն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և Բունդեսթագի կողմից ընդունած դատապարտող բանաձևի, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատրեազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքերին, գերիների վերադարձման հարցին և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանում կվերահաստատվի արդարությունը և խաղաղությունը:
Անդրադառնալով Գերմանիայում հայկական համայնքի գործունեությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ համայնքը և Հայ Եկեղեցին մշտապես վայելում են Գերմանիայի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը։
Իր հերթին նախագահ Գուննար Շելլենբերգերն ընդգծել է, որ իրենց նպատակն է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների սերտացմամբ էլ առավել ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամական կապը: