Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները հանդիպել են Մոսկվայում՝ քննարկելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ, կայացել է ՌԴ ԱԳՆ-ի և Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի աջակցությամբ ու համակարգմամբ։
Միջոցառումը բացել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Բաքվից և Երևանից որպես համակարգողներ են հանդես եկել Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնն ու «Օրբելի» վերլուծական կենտրոնը։ Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են իրենց անձնական տեսակետները։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը, ինչպես նաև հումանիտար հարցեր և կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները:
Քննարկվել է նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորման աշխատանքներում փորձագիտական երկխոսության դերն ու տեղը։
Մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումներն ու համատեղ աշխատանքը եռակողմ փորձագիտական հարթակի՝ «Խաղաղության մասին երկխոսության» շրջանակներում։