Ավլելով գիշերային Երևանի փոշոտ մայթերը՝ Մարինան հոգում է ընտանիքի կարիքները՝ տեսողության խնդիրներ ունեցող ամուսնու, երեխաների ու սկեսրոջ: Ամեն օր Չարենցավանից գալիս է մայրաքաղաք՝ աշխատանքի:
Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմը պատմում է Խորհրդային միության փլուզումից հետո աշխատանքը կորցրած տասնյակ մարդկային պատմություններից մեկի մասին:
Նաիրի Հախվերդի («Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ) - 14 տարի առաջ տեղափոխվել եմ Երևան ու առաջին անգամ էի տեսնում գիշերային ավլողներին ու ես հետաքրքրված էի, ովքեր էին, որովհետև շատ անգամ կանայք էին, որ անում էին էդ աշխատանքը, ու Եվրոպայում ընդեղ ավելի շուտ տղամարդիկ են անում ու անում են մեքենաներով: Ուզում էի իրենց աշխարհը բացել:
Հախվերդին սկսել է ֆիլմի վրա աշխատել 2017 թվականից, գիշերային զբոսանքներից մեկի ժամանակ հանդիպել է Մարինային, լսել կնոջ պատմությունն ու որոշել, որ ֆիլմի հիմքում նրա կյանքի պատմությունը պետք է լինի, գլխավոր հերոսուհուն էլ հենց Մարինան պետք է մարմնավորի: Նկարահանումները սկսվել են 2019-ին:
Նաիրի Հախվերդի- Շատերը չէին ուզում, որ մենք գայինք իրանց տուն, շատերը չէին ուզում, որ մենք բացեինք տենց իրանց աշխարհը, ինքը միանգամից բացեց դռները, և իրա աշխարհն էնքան հարուստ էր ոչ թե ֆինանսական տեսանկյունից, բայց ավելի շուտ իրա երեխաները, որ զբաղվում են երաժշտությամբ, ամբողջ ընտանիքի միակ կինը, որ պահում է ողջ ընտանիքին և տարբեր աշխատանքներ է անում:
Ռեժիսորի խոսքով՝ չնայած Մարինան ֆիլմերում նկարահանվելու փորձ չուներ, բայց դերասան-ռեժիսոր գործակցությունը ստացվել է հենց առաջին օրից, պարզվում է՝ նկարահանվելու մասին Մարինան դեռ փոքրուց էր երազում:
Մարինա Գինոսյան («Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատար) - Ծանոթացանք, ու ինքը գնաց, ասեց՝ կմտածեմ ու զանգեց ասեց՝ ես կուզեմ ձեր մասին ֆիլմ նկարեի: Պահի տակ ինձ վատ զգացի, բայց հետո որոշեցի, որ սրանով ես ցույց կտամ, որ կինը չպետք ա կոտրվի, եթե կողակիցն ունի խնդիր, ոչ թե հուսահատվի, այլ ինքը քայլի առաջ:
Ֆիլմի փառատոնային շրջագայությունը համընկավ համավարակի սահմանափակումների հետ: Հախվերդիի խոսքով՝ 2021-ին հաջողվեց ֆիլմը ներկայացնել միայն արտասահմանցի հանդիսատեսին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված
«Ավլելով Երևանը» վերջերս Մեծ Բրիտանիայում Կինո և հեռուստաֆիլմերի Ռամսգեյթի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»:
Նաիրի Հախվերդի - Թուրքիայում կանանց փառատոն էր, էնտեղ ընդունեցին, և ընդեղ էլ մրցանակ շահեց, որ շատ ուրախացա, հետո Անգլիայում էս վերջերս ընդունվեց, ընդեղ էլ մրցանակ ստացավ: Ճիշտն ասած, վերջին լուրը, որ ես ստացա Սան Ֆրանցիսկոյում, էլի նորից, փոքր փառատոներ են, բայց կարևոր: «Ոսկե ծիրանին» նույնպես այն ցուցադրվելու է:
Հաջողությունը պայմանավորված է նոր բացահայտումներով, ռեժիսորը վստահեցնում է՝ շատերին է հետաքրքրել Երևանը մաքուր պահող կնոջ կյանքի պատմությունը, ասում է՝ ֆիլմով փորձել է նոր աշխարհ բացահայտել, կարծում է՝ ստացվել է:
Հեղինակ` Էլեն Սարգսյան