ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը հետևյալն է՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ Սահմանադրական դատարան միջնորդությամբ չենք դիմելու: Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ դրա համար կա մի քանի պատճառ:
«Նախ՝ ֆիքսենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց՝ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես Ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման խնդիրը կարելի է համարել լուծված: Երկրորդ՝ մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ժողովրդի բոլոր ներկայացուցիչների տված քվեն: Կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը և վարվելակերպը և փիլիսոփայությունը հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի, և կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,- ասաց Ռուբինյանը՝ ընդգծելով՝ ներկայումս մեր երկրին անհրաժեշտ է կայունություն և համերաշխություն:
«Եվ մենք այս որոշումը նաև պայմանավորում ենք դրանով: Մենք կարծում ենք՝ եթե ընդդիմությանը թվում է՝ մենք դիմելու ենք ՍԴ և նրանց փախուստի փրկօղակ նետենք ԱԺ-ից, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան Ազգային ժողով, պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան ասել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում և ոչ միայն փողոցներում: Մենք էլ պիտի նայենք իրենց աչքերին և ասենք այն ամենը, ինչ ուզեցել ենք ասենք, ուզում ենք ասենք և ասում ենք»,- ասաց Ռուբինյանը:
Հարցին ի պատասխան՝ եթե ընդդիմությունը աշնանը չգա խորհրդարան, ի՞նչ կլինի, Ռուբինյանն ասաց՝ դա կնշանակի, որ այդ նստաշրջանում նույնպես կծագի նրանց բացակայությունների հարցով ՍԴ դիմել-չդիմելու հարց, և իրենք կքննարկեն:
«Բայց եթե խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները շարունակաբար որոշում են չգալ և վերահաստատում են իրենց հարգանքի բացակայությունը ժողովրդի քվեի հանդեպ, այդ առումով գուցե մեզ մոտ այլ քննարկումներ ծավալվեն այդ թեմայով»,- ասաց նա: