ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ
Մի շարք համայնքներում սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԱԺ-ն փոփոխեց ընտրական օրենսգիրքը: Եթե համամասնական կարգով ընտրություն է, անկախ համայնքում գրանցվածների թվից, մասնակից կուսակցությունների ու դաշինքների անուններն այսուհետև կտպագրվեն առանձին քվեաթերթիկների վրա, գրիչ չի օգտագործվի, ինչպես ԱԺ ընտրության դեպքում: Նախագծի համահեղինակի խոսքով՝ սա նվազեցնում է անվավեր քվեաթերթիկների քանակն ու բարելավում գործընթացը:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների և վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ՝ այդպիսով ընտրական հանձնաժողվոներին հնարավորություն տալով ավելի շուտ սկսել քվերաթերթիկների տպագրման գործընթացը:
Օրենքի նոր խմբագրությամբ ամրագրվեց նաև, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքն էլ կհեռարձակվի ուղիղ եթերով՝ ԿԸՀ կայքէջով՝ նպաստելով վստահության բարձրացմանը: Պատգամավորի խոսքով՝ 2021-ի ընտրական գործընթացները էլի մի շարք թերություն են բացահայտել, Վարչական դատավարության օրենսգրքով կսահմանվի, որ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը նույնպես ընտրական վեճեր են, և որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ՝ արագացված կարգով, կոլեգիալ կազմով: Հովհաննիսյանն ու Տիգրանյանն առաջարկեցին նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների համար սահմանել նույն պահանջները, ինչ պատգամավորի դեպքում, ու բարձրացնել նրանց աշխատավարձը:
Արթուր Հովհաննիսյան - Առաջարկվող գործակիցներն առավել համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին:
Պատգամավորական մեկ այլ նախաձեռնությամբ էլ փոփոխվեց դատական օրենսգիրքը: Որ հակակոռուպցիոն գործերի դատական քննության շղթան սկսի նորմալ աշխատել, օրենքի անցումային դրույթներում վերանայվեց ստորին ու վերաքննիչ ատյանների դատավորների թվաքանակը: Համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը շեշտեց՝ Վճռաբեկում արդեն ձևավորվել ու գործում է Հակակոռուպցիոն պալատը, իսկ մյուս երկու ատյանները դեռ ամբողջական ձևավորված չեն:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ներկայացվել է այս նախագիծը, որպեսզի մենք ունենանք նվազագույն թիվը, նախատեսենք դատավորներ, որոնց առկայության պարագայում այդ դատարանները կարող են արդյունավետ գործեր քննել:
ԱԳՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՍՏԱԺԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՆԳ ՏԱՐԻ
Վաղարշակ Հակոբյանի մշակած նախագիծն էլ Արտաքին գործերի նախարարությանն էր առնչվում: Պատգամավորն առաջարկեց ԱԳՆ գլխավոր քարտուղարի համար սահմանել հինգ տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին տասի փոխարեն: Սա կապահովի նախարարության բնականոն գործունեությունը՝ նշեց նա:
Վաղարշակ Հակոբյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք կարծում ենք, որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի, որպեսզի այս պաշտոնին հավակնող մեր հայրենակիցների շրջանակը հնարավորինս մեծացվի:
Նախագիծը ողջունեց փոխարտգործնախարարը: Ամբիոնին մոտեցած Պարույր Հովհաննիսյանն արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հրատապությունը, որ հանձնաժողովը տեղյակ չէ նախագծից։ Նախարարի տեղակալը նշեց՝ փոփոխությունն ամիսներ առաջ սկսված գործընթացի մի մասն է, որն ուղղված է համակարգի ուժեղացմանը:
Պարույր Հովհաննիսյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Սա ոչ այնքան հրատապության, որքան գործընթացն առաջ տանելու մոտեցում է:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եթե հրատապության խնդիր չկա, ես ձեր խոսքից հասկացա, ուստի կառաջարկեի հետաձգել, քննարկել մեր հանձնաժողովում, եթե հրատապության վերաբերյալ այլ հիմնավորում չունեք:
Էդուարդ Աղաջանյանի դիտարկմանն անդրադարձավ նախագծի հեղինակը:
Վաղարշակ Հակոբյան - Այս օրենքի պրոֆիլային հանձնաժողովը, որքան ես տեղյակ եմ, պետք է լինի ոչ թե արտաքին հարցերի հանձնաժողովը, այլ պետաիրավականը, որովհետև օրենքում այդ հատվածում է պետաիրավականին առնչվող փոփոխություն կատարվել: Հիմա կհասկանանք ընթացակարգը, ու ես կառաջարկեմ, որ դուք որպես շահագրգիռ կողմ դառնանք քննարկմանը մասնակից:
ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օրենսդիրն արտահերթ նիստում հաստատեց նաև Զարուհի Բաթոյանի հեղինակած նախագծերը: Ներհամայնքային կանոնավոր երթուղիների մրցույթին մասնակցող բոլոր ավտոբուսներն այսուհետ պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, վարորդները պետք է աջակցեն հաշմանդամություն ունեցող ուղևորին նստելու, իջեցնելու հարցում: Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2023-ի հունվարից:
Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հատկապես խոշորացված համայնքներում բնակիչները պետք է համոզված լինեն, որ եթե իրենք նոր տրանսպորտային երթուղի են ունենալու կամ նոր ավտոպարկ, ապա այն պետք է մատչելի ու հարմար լինի բոլորի համար:
Մեկ այլ նախագծով էլ ամրագրվեց՝ գործատուն պարտավոր է խելամիտ հարմարեցումներ տրամադրել հաշմանդամություն ունեցող անձին՝ աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար: Այս փոփոխությունը ևս Բաթոյանն է հեղինակել: Քննարկված բոլոր նախագծերն այսօր ընդունվեցին ամբողջությամբ՝ երկու ընթերցմամբ էլ: Սա խորհրդարանի՝ այս ամռան վերջին արտահերթն էր: ԱԺ-ն աշխատանքի կվերադառնա սեպտեմբերին: