Ստամբուլում նախօրեին ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի ՊՆ-ների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների բանակցությունները լավատեսական ավարտ են ունեցել՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Անտոնիու Գուտերեշ (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար) - Սա կարևոր քայլ էր Սև ծովով ուկրաինական մթերքների անվտանգ արտահանումն ապահովելու համար: Համաշխարհային ճգնաժամի խավարում այսօր հույսի շող է հայտնվել։ Բովանդակային համաձայնություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտահանման վերահսկման և համակարգման մեխանիզմների, ականազերծման հետ կապված հարցերի շուրջ: Սա առաջին հանդիպումն էր, արդյունքը չափազանց հուսադրող է։
Գուտերեշն ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար կպահանջվեն տեխնիկական աշխատանքներ։
Անտոնիու Գուտերեշ - Հուսով ենք՝ հացահատիկի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում պաշտոնական համաձայնություն կկնքվի: Կողմերը նորից կհանդիպեն մյուս շաբաթ՝ վերջնական պայմանավորվածությունների համար:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ստամբուլյան բանակցություններն ապացուցեցին, որ կողմերը կարող են կառուցողական երկխոսություն վարել, սակայն խաղաղություն հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։
Քառակողմ հանդիպման արդյունքներն ամփոփել է նաև թուրքական կողմը՝ դրանք որակելով դրական և կառուցողական:
Հուլուսի Աքար (Թուրքիայի պաշտպանության նախարար) - Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները պայմանավորվել են Ստամբուլում հացահատիկի արտահանման համակարգման կենտրոն ստեղծել, որին կներգրավվեն բոլոր կողմերը: Երեք երկրի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համատեղ հսկողություն կիրականացնեն նավահանգիստներում, կապահովեն ստեղծվելիք միջանցքներով նավարկության անվտանգությունը:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել, որ ուկրաինական պատվիրակությունն զեկուցել է իրեն բանակցություններում որոշակի առաջընթացի մասին։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Մանրամասները կքննարկենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ առաջիկա օրերին: Մենք իսկապես զգալի ջանքեր ենք գործադրում համաշխարհային շուկաներ պարենային մատակարարումները վերականգնելու համար:
Նախագահի աշխատակազմից նաև տեղեկացրել են, որ Ստամբուլում Կիևն առաջարկել է ձևավորել Սև ծովում նավագնացության ալգորիթմ, որը կնպաստի ուկրաինական մթերքի արտահանմանը։
Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանումը՝ քառակողմ բանակցություններից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
Սերգեյ Վերշինին (Ռուսաստանի փոխարտգործնախարար) - Անհրաժեշտ է, որ ուկրաինական կողմը զբաղվի նավահանգիստների ականազերծմամբ: Ռուսաստանը արտահանման հարցում խնդիրներ չի առաջացնի, մենք դա ամենաբարձր մակարդակով հրապարակավ հայտարարել ենք։
Ստամբուլում հացահատիկային բանակցությունները միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են: The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ կողմերը համաձայնել են ուկրաինական հացահատիկի արտահանման ընթացքում հրադադար սահմանել: Նշվում է, որ հացահատիկը կառաքվի ուկրաինական երեք նավահանգստից՝ ուկրաինական նավերի ուղեկցությամբ:
Իսկ Ուկրաինա ժամանող նավերը կստուգեն թուրքական ռազմածովային ուժերը՝ պարբերականի տվյալով՝ փարատելու զենքի մաքսանենգության հետ կապված Ռուսաստանի մտավախությունները։