ՄԱԿՐՈՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 14-ին Փարիզի Ելիսեյան դաշտերում մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա զինվորական շքերթին: Ֆրանսիայի ղեկավարը ժամանել է Համաձայնության հրապարակ, որտեղ նրան ողջունել են վարչապետ Էլիզաբեթ Բորնը և զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնյուն:Մակրոնը զինվորականներին ներկայացրել է առաջիկա ամիսների իր առաջնահերթությունները:
Զորահանդեսին իրենց երկրների դրոշներով մասնակցել են նաև Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի զինված ուժերի ներկայացուցիչները:
ՌԴ-Ն ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԻՆՆԻՑԱ ՔԱՂԱՔԸ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Վիննիցա քաղաքին, որի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, շուրջ հարյուրը դիմել են բժշկական օգնության՝ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը: Նշվում է նաև, որ քաղաքի կենտրոնում մի քանի պայթյուն է որոտացել, վնասվել են բնակելի տներ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է քաղաքացիական թիրախներ ընտրելու համար և տեղի ունեցածը որակել է «ահաբեկչական գործողություն»:
Ռուսական աղբյուրները, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել են, որ Վիննիցայում հարվածը հասցվել է Սպայի տան ուղղությամբ, որտեղ գտնվել է ազգայնականների տեղակայման ժամանակավոր կետը:
ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՆՈՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Երուսաղեմում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել: Երուսաղեմի հռչակագրում, մասնավորապես, ընդգծվում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Իսրայելի անվտանգությանը, ինչպես նաև երկու պետությունների ձգտումը՝ հակազդելու Իրանին և միջուկային զենք ստեղծելու նրա ցանկությանը: Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի իշխանություններին տեղեկացրել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում Վաշինգտոնի համար ընդունելի կետերի մասին, սակայն մտադիր չէ հավերժ սպասել Թեհրանի որոշմանը:
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՈՐՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ ԻԻՀ-Ի ԴԵՄ. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն ստանա, և պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց՝ հայտարարել է Ջո Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը նաև մեծ սխալ է որակել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ դուրս գալու Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: Նախագահը հանդես է եկել Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին: