11.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
11,8 միլիարդ դրամ՝ միջպետական, հանրապետական և մարզային 12 ճանապարհի վերակառուցման համար: Պահուստային ֆոնդից գումարը կուղղվի նաև Դիլիջանի ոլորանների նորոգմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ իրականացվում է լայնածավալ ճանապարհաշինություն, բայց աշխատանքի որակի խնդիրն ամբողջությամբ դեռ լուծված չէ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որ նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Ունենք նաև սահմանված քաշից ավելի մեքենաների երթևեկի խնդիր: Մեր քաղաքական որոշումն է՝ պետք է ճանապարհային կշեռքներ ունենանք՝ հանրային ներդրումները ծառայեցնելու պատշաճ ժամանակով, նպատակին:
Վարչապետը նշեց՝ խնդիրն առավելապես վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտը սպասարկող ճանապարհներին: Սկզբում 2 շարժական կշեռքով վերահսկում էին խնդրահարույց հատվածները, հետագայում խնդիրներ առաջացան կշեռքների հետ կապված: Հատկացումներ արվեցին, ձեռք բերվեց 3-ը, շարժականը հիմա Արմավիրում է, բայց պարբերաբար փոխում են վայրը: Ստատիկ կշեռքի համար նախատեսել են 9 հիմնական ուղղություն՝ Արարատի ու Վայոց ձորի ճանապարհահատվածներում:
Արթուր Ասոյան (Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար) - Մշտադիտարկում է իրականացվել, որի արդյունքում 14 մլն դրամի վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառել, իսկ 2022-ին 60 իրավախախտման դեպք են հայտնաբերել 13,6 մլն դրամի չափով:
Նիկոլ Փաշինյան - Միշտ մի բան ձեռք ենք բերում, հետո պարզվում ա՝ վարորդները գիտեն դրա կոտրելու ձևը: Եկեք անելիս լավագույնը անենք, որ հնարավոր է: Ասացվածք կա, ասում է՝ ես այդքան հարուստ չեմ, որ էժան գնեմ: Անընդհատ էժան առնելով՝ տպավորություն է, որ անսահմանափակ են ռեսուրսները: Անելիս արեք լավը, հարցը ֆունդամենտալ լուծվի:
Սյունիքի մարզպետից վարչապետը հետարքրքվեց Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակի մասին: Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ աշխատանք ընթանում է, բայց անհրաժեշտ է տեմպ հաղորդել:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով: Մասնավորապես, Տաթևից Քաշունի ամենավատ վիճակում է, ցանկալի է՝ տեմպն ավելացնել, մեքենաներ են վնասվում:
Վարչապետը նշեց՝ այս պահին ձեռնպահ կմնա լրացուցիչ մեկնաբանություններից, փոխվարչապետին ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին հանձնարարականներ են տրվել, դրանց կատարման ընթացքին ու տեմպին կանդրադառնան հաջորդ շաբաթ:
Նիկոլ Փաշինյան - Օբյեկտիվ, նաև շատ սուբյեկտիվ գործոններ կան, կենտրոնանանք, աշխատանքը անենք, Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը սկսվել է: Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է, որը Սիսիանի մոտ Տաթևից դուրս գա մայրուղի: Հանձնարարականները տրված են:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԵՂՐԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԽՆԴՐԻՆ
Վարչապետը մտահոգություն հայտնեց Մեղրիի մանկապարտեզի առնչությամբ: Դեռ 2018-ին էր խոստացել վերակառուցել նախակրթարանը: Որպես համաֆինանսավորող՝ «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ էր տրամադրել: Փաշինյանի խոսքով՝ տհաճ անակնկալի է եկել, երբ պարզվել է՝ նույնիսկ ֆինանսավորման դեպքում շինարարությունը չի իրականացվել: Քայլեր կարվեն՝ պարզելու պատճառները: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Սյունիքի մարզպետին ու փոխվարչապետ Մաթևոսյանին՝ վերահսկել գործընթացը:
Նիկոլ Փաշինյան - Համարում եմ անձնական պատասխանատվություն՝ անկախ նրանից՝ ով է կապալառուն: Ծրագիրն իրականացրել է համայնքը, գումարը տվել ենք, ինչի՞ չի իրականացվել: Պարզաբանման պրոցեսից երեխաները չպետք է տուժեն: Տարիուկես առաջ պետք է պատրաստ լիներ: Ձեր առաջ դրվում է, որ օր առաջ մանկապարտեզը շահագործվի, և երեխաների համար դռները բացվեն:
ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԸ
Կարդիականացվի հրշեջ-փրկարարական ծառայության շարժակազմը: Այդ նպատակով 1,2 մլրդ դրամ հատկացվեց: Արտակարգ իրավիճակների նախարարի խոսքով՝ հրշեջ-փրկարարական ջոկատները տեղակայված են հիմնականում 60-70-ականների շենքերում: Տեխնիկայի 60 տոկոսից ավելին խորհրդային տարիների արտադրության է:
Արմեն Փամբուխչյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Ազդում են որակի վրա, արագ սպասարկման, արձագանքման, ծախսատար են:
Նիկոլ Փաշինյան - Եթե այցելել եք այդ տարածքներ, ապա տեսած կլինեք, թե ինչ վիճակ է: Դա պետության համար հանդուրժելի չէ:
Տեխնիկայի 12,5 տոկոսը կթարմացվի: 20 տոկոսով կավելանա ամենագնացների ավտոպարկը: Հաշվի առնելով ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը՝ վարչապետը քաղաքացիներին հակահրդեհային կանոնները պահպանելու կոչ արեց, նիստում հորդորեց ակտիվացնել իրազեկման աշխատանքները:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր է, որ ամեն ինչ անենք անտառային հրդհեներից խուսափելու համար: Առաջին գործը հարգելի, սիրելի քաղաքացիների մոտեցումն է, վարքագիծը բնության գրկում: ԱԻՆ-ը նախ կանխարգելիչ աշխատանք պետք է անի, պատրաստ լինի օպերատիվ արձագանքել: Երկու ուղղաթիռ ենք ձեռք բերել հրդեհաշիջման համար:
ՊԵՏԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հաստատվեց պետգույքի կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Կառույցի ղեկավարը համոզված է՝ որակապես նոր համակարգի ձևավորումը դրական կազդի տնտեսական միջավայրի բարելավման, ներդրումային նախագծերի իրականացման, բյուջետային մուտքերի ավելացման վրա:
Առնակ Ավետսիսյան (ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Նախատեսվում է գործող կարգավորումների բարելավում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը, ինչպես նաև մի շարք գործընթացների, օրինակ՝ պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության գործընթացի կանոնակարգումը, տնտեսվարողների ստանձնած ներդրումային պարտավորությունների վերահսկողությունը: Նախատեսվում է արմատական փոփոխություններ իրականացնել պետգույքի մասնավորեցման ոլորտում:
Վարչապետը խնդիր դրեց վերահսկել ներդրումների կատարման ընթացքը, որոշել՝ ի վերջո, ինչպիսին է վերաբերմունքը նախկինում կատարված այն մասնավորեցումների վերաբերյալ, որտեղ ներդրումային պարտավորությունները կատարված չեն: Կիրականացվի գույքի կենտրոնացված, միասնական կառավարման քաղաքականություն:
Նիկոլ Փաշինյան - Ինչպես ՊԵԿ -ի առաջ խնդիր ենք դնում այսքան բյուջեի եկամուտ լինի, պետք է կոմիտեի առաջ էլ դնենք, խնդրի կատարման մեխանիզմ լինի, որ ակնկալում ենք այսքան եկամուտ պետգույքի կառավարման արդյունքում. սա մեր ռազմավարության կարևոր ուղղությունն է:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ներում վարձակալությամբ գույքին, պետք է վերացնենք, պետք է կենտրոնացնենք:
Պետգույքի արդյունավետ տնօրինման համատեքստում վարչապետն անդրադարձավ, օրինակ, Արգինայում կառուցվող դպրոցի՝ իր բնորոշմամբ՝ հոյակերտ շենքի ճիշտ կառավարմանը:
Նիկոլ Փաշինյան - Որոշակի մոդելով ծառայեցնել համայնքի կյանքին, արտադպրոցական, մարզական, մշակութային կյանքի կազմակերպմանը: Ենթակառուցվածք է, որ վերջին 50 տարում գյուղում չի եղել: Համայնքում կյանքը պետք է գրավիչ դարձնել:
«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Կառավարության որոշմամբ կստեղծվի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ: Ոստիկանության պետի խոսքով՝ կենտրոնը լինելու է տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ վերահսկող, հանցագործություններ, վարչական իրավախախտումներ ամրագրող, այդ գործերով վարույթի նախապատրաստման աշխատանք իրականացնող կառույց:
Վահե Ղազարյան (ՀՀ ոստիկանության պետ) - Բացի ներկայումս «Սեքյուրիթի Դրիմ»-ին վերապահված գործառույթներից՝ կընդլայնվեն կարողությունները, դրանք կուղղվեն հանցագործությունների նախականխմանը, հասարակական կարգի պահպանմանը:
«Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գործառույթը կիրականացնի պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Վարչապետը հիշեցրեց՝ խնդրին բազմիցս անդրադարձել են նաև նախկինում, ընդդիմադիր դաշտում գործելու ժամանակ: Փաշինյանի խոսքով՝ որոշվել է թեման հիմնարար փակել:
Նիկոլ Փաշինյան - Վերջին կաթիլը դարձել է այն, որ երբ մրցույթ է հայտարարվել, ու փորձ է արվել մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը, պարզվել է, որ մանիպուլյացիաների համար մրցութային սխեմաներ են օգտագործվում: Դիտարկվում էր այն հարցը, թե արդյոք կկարողանա՞նք պետական տանիքի ներքո իրականացնել այդ գործառույթը: Բավական երկար ժամանակ աշխատանքը կատարվել է, համոզված ենք, որ պատշաճ կիրականացնենք աշխատանքը: Ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ: Պայմանական ասած՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական:
Վարչապետը շեշտեց՝ կենտրոնի ստեղծումը կարևոր է հանցագործությունների կանխման, բացահայտման առումով: Էկոնոմիկայի նախարարը առաջարկեց ավելի կարճ անուն տալ կենտրոնին: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարելի է մտածել այդ ուղղությամբ: Փոխվարչապետի կեսկատակ առաջարկը բարձրացրեց կաբինետի տրամադրությունը:
Նիկոլ Փաշինյան - Փոխվարչապետն առաջարկում է «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, այն տրամաբանությամբ՝ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են:
Ոստիկանության նորաստեղծ ՊՈԱԿ-ը գործառույթը կսկսի իրականացնել մինչև հունվարի 1-ը: