Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց ճանապարհային կշեռքների համակարգ ունենալու կարևորությունը:
«Մենք, իհարկե, ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում: Բայց պետք է նաև արձանագրենք, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չենք լուծել: Եվ անընդհատ, ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված պրոբլեմներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Ընդ որում՝ բացի ճանապարհների որակի հետ կապված խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր, և մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակին:
Իմիջիայլոց, մեր դիտարկումը ցույց է տալիս, որ խնդիրն առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը, այսինքն՝ հատկապես հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում, որոնք ճանապարհի օգտագործելիության ժամանակահատվածի վրա շատ նեգատիվ ազդեցություն են ունենում»,- ասաց վարչապետը:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը զեկուցեց, որ վարչապետի հանձնարարականով հարցը հատուկ ուշադրության կենտրոնում է, համապատասխան օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, և սկզբնական փուլում կար 2 շարժական կշեռք, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էին իրականացնում հիմնական խնդրահարույց՝ հանքարդյունաբերության հատվածներում:
Այս փուլում արդեն ձեռք է բերված 2 ստատիկ կշեռք և 1 շարժական կշեռք: Շարժական կշեռքը ներկայումս Արմավիրի մարզում գործածության մեջ է: Ընդ որում՝ տեղերը պարբերաբար փոխվում են՝ հաշվի առնելով այն, որ երբ վարորդները տեղեկանում են, անմիջապես այլընտրանքային լուծումներ են գտնում, շրջանցիկ ճանապարհներով են երթևեկում:
Ա. Ասոյանի խոսքով՝ ամբողջովին քարտեզագրված է շարժական կշեռքի օգտագործման տարածքը, իսկ ստատիկ կշեռքի համար նախնական պլանավորման արդյունքում հանրապետության տարածքում նախատեսվել է 9 հիմնական ուղղություն:
Դրանցից են՝ Արարատի մարզ, Մ-2-ի Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 10-15-րդ կմ հատված, Վայոց ձորի մարզ, Մ-2-ի 110-130 կմ ճանապարհահատվածի վրա: Ձեռք բերված 2 կշեռքի համար աշխատանք է տարվում Մ-2-ի Սիսիանի հատվածում տեղակայելու համար, շինաշխատանքներն ընթացքի մեջ են:
Մ-1-ի հետ կապված՝ նախատեսվում է Աշտարակի տարածքում: Ա. Ասոյանը նշել է, որ ստատիկ հատվածներում նախատեսվում է ունենալ մոտավորապես 6 մ լայնության, 50 մ երկարության հարթ, բետոնապատ մակերեսով տարածք, որտեղ իրականացվելու է կշռման պրոցեսը: Կշեռքների գործարկումից հետո կատարվել է 522 մշտադիտարկում, կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ մինչև 2022 թ.՝ 14 մլն դրամի շրջանակում, 2022 թ. արդեն 60 իրավախախտման դեպք է արձանագրվել՝ 13.6 մլն դրամի չափով: Որոշակի դադար է եղել 2020 թ. վերջ-2021 թ. սկիզբ՝ կշեռքները շարքից դուրս գալու պատճառով, ինչը, կարելի է ասել, միտումնավոր կազմակերպվում էր վարորդների կողմից:
Վարչապետը հանձնարարեց ձեռք բերել ճանապարհային որակյալ կշեռքներ, որպեսզի վարորդների կողմից դրանք վնասելու, կոտրելու խնդիր չառաջանա, և մարդկային գործոնի միջամտությունը հասցվի նվազագույնի:
«Կա ժամանակակից համակարգ, որը ճանապարհին ներկառուցվում է, էլեկտրոնային եղանակով տվյալը փոխանցվում է, և դրանով հարցը լուծվում է: Ինչ ձեռք ենք բերել, թող մնա, բայց շարունակություն պետք չէ, որովհետև միշտ մի բան ձեռք ենք բերում, հետո պարզվում է, որ վարորդները գիտեն այն կոտրելու ձևը, հետո ուրիշ բան ենք մտածում: Եկեք անելիս միանգամից անենք հնարավորինս լավագույնը, որովհետև ասացվածք կա, որն ասում է. «Ես այնքան հարուստ չեմ, որպեսզի էժան ապրանք առնեմ»: Անընդհատ էժան ապրանք առնելով՝ տպավորություն է, որ մեր ռեսուրսներն անսահամանափակ են: Անելիս միանգամից արեք լավը, որպեսզի այդ հարցն արագ և ֆունդամենտալ ձևով լուծվի»,- հորդորեց Նիկոլ Փաշինյանը: