Անին Անտառամուտ բնակավայրի նորաբաց նախադպրոցական կրթական կենտրոնի սաներից է։ Կենտրոնում արդեն հասցրել է բանաստեղծություն սովորել։ Բացի կրթվելուց՝ այլընտրանքային մանկապարտեզում շատ այլ բաներով են զբաղվում։
Արփի - Մեզ պատի տակին նստացնըմ են, կեսը՝ ընդի, կեսը՝ ընդի, ու խաղ ենք անըմ։
Եվրոպական միության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում Լոռու մարզի Անտառամուտ և Գեղասար բնակավայրերում նախադպրոցական կրթական կենտրոններ են բացվել։
Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Վաղ մանկական կրթությունը հետագա կյանքի հիմքն է, որը մենք պետք է ապահովենք 3 տարեկանից սկսած։ Հուսով եմ, որ այս կենտրոնը կնպաստի համայնքի երեխաների զարգացմանն ու բնակիչների հոգսերի թեթևացմանը։
Քրիսթինե Վայգանդ (ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչ) - Մեծ սիրով կշարունակենք այդ գործընկերությունը, որպեսզի Հայաստանի տարբեր բնակավայրերի երեխաները ունենան հավասար իրավունքներ և կրթություն ստանան իրենց համայնքում։
Անտառամուտ բնակավայրում շուրջ 30 տարի մանկապարտեզ չի եղել։ Այժմ այդ տարիքի 8 փոքրիկ կա գյուղում, վարչական ղեկավարը վստահ է՝ կենտրոնի գործարկումից հետո բնակավայրում կավելանա նաև երեխաների թիվը։
Արայիկ Գևորգյան (Անտառամուտի վարչական ղեկավար) - Երիտասարդ ընտանիքներ կային, որ, երեխեքի մանկապարտեզ որ չկար, գնում էին Վանաձոր քաղաք բնակվելու, իսկ հիմա, որ կա, 2 ընտանիք մնացին, որ իրենց երեխեքը մնան էստեղ։
Աշոտ Գիլոյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - Նման կառույցները հնարավորություն են տալու, որ մեր երիտասարդ ընտանիքները էստեղ աճեն, բազմանան, բարգավաճեն։ Երիտասարդն է մեր բնակավայրի, գյուղի ներուժը։ Առանց նրանց հնարավոր չէ առաջ գնալ։
Գեղասարում էլ նախադպրոցական կրթական կենտրոն կհաճախի 13 երեխա։ Բնակավայրի վարչական ղեկավարն ասում է՝ սա կնպաստի նաև գյուղի զարգացմանը։
Վարազդատ Գրիգորյան (Գեղասարի վարչական ղեկավար) - Կարիքը շատ ունեինք, երեխաները զբաղվելու տեղ չունեին։ Կար նախակրթարան, այսինքն՝ 5 տարեկանների համար, որոնք պատրաստվում էին դպրոց գնալու, բայց մինչև դպրոցը նմանատիպ համարժեք ծրագիր չկար երեխաների համար։ Հիմա էլ ավելի կզարգանան, կինտեգրվեն ավելի շատ հասարակությանը։
Նախադպրոցական կրթական կենտրոնների ընդլայնումը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է՝ նշում է փոխնախարարը։ Մինչև 2026 թվականը բոլոր բնակավայրերի երեխաների համար այն պետք է հասանելի լինի: Նախորդ տարվանից պետական բյուջեից համայնքներին դրամաշնորհներ են տրամադրվել այլընտրանքային նախադպրոցական հաստատություններ հիմնելու համար։
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մենք ունենք մեր երկրում բնակավայրեր, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների թիվը մեծ չէ, և այնտեղ դասական մանկապարտեզ կառուցելը ամենանպատակահարմար միջոցը չէ։ Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելներ են մշակված հենց նման բնակավայրերի համար։
Հովհաննես Ավետիսյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Ամենակարևոր բաներից մեկն է կրթության մեջ։ Երեխաներին հնարավորություն է տալիս դեռ վաղ հասակից սոցիալականացնել երեխաների կյանքի համար։ Անտառամուտի պես փոքր գյուղական համայնքները, որոնք զրկված են մեծ ֆինանսական միջոցներից, հնարավորություն չունեն նմանատիպ հիմնարկների գործունեության համար։
Լոռու մարզում այս նախաձեռնության շրջանակներում արդեն վեց այլընտրանքային մանկապարտեզ է գործում: Նախկինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով այլընտրանքային մանկապարտեզներ են բացվել նաև Շամուտ, Ահնիձոր, Մարց և Ջիլիզա բնակավայրերում:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան